Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն մայիսի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին:
Կողմերը քննարկել են ոռոգման համակարգում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և, մասնավորապես, «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» կատարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս ծրագրով շարունակվում են մայր ջրանցքների և միջտնտեսային ցանցերի վերականգնման աշխատանքները: Երկուստեք գոհունակություն են հայտնել աշխատանքների որակի, դրանք ըստ ժամանակացույցի կատարելու առնչությամբ:
Փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` Մարմարիկի ջրամբարի շինարարության համար, որը շահագործման է հանձնվել օրերս: Անդրադարձ է եղել Հայաստանում ջրամբարաշինությունը շարունակելու հարցին: Ա. Գևորգյանը կարևորել է ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ընդլայնումը ինչպես գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ էներգետիկ և բնապահպանական անվտանգության տեսանկյունից:
Նշվել է, որ կառավարությունն այս տարի գերմանական KfW բանկի աջակցությամբ նախատեսում է սկսել Կապսի անավարտ ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ընդ որում, ջրամբարի կառուցումը կնպաստի նաև Արփի լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Քննարկվել են նաև մի շարք անավարտ ու նաև նոր ջրամաբարների կառուցման հնարավորությունները, որոնք կարևոր նշանակություն կունենան գյուղացիական տնտեսությունների համար` ոռոգման ջրի անխափան մատակարարում երաշխավորելով:









































