Երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ «Դոդի Էդոն» Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի դաժան ծեծի է ենթարկել՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Henaran.am-ին հաջողվել է ճշտել, որ «Դոդի Էդոյի»կողմից ծեծված վարորդը 37-ամյա Արկադի Գրիգորյանն է: Ըստ լրատվամիջոցի, նախ, Ա. Գրիգորյանին ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից տեղեկացրել են, որ նման անուն ազգանունով հիվանդ չեն ընդունել: Ըստ հիվանդանոցի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանի, շատ հաճախ «Նաիրի» բժշկական կենտրոնը շփոթում են շտապօգնության 3-րդ հիվանդանոցի հետ: «Նաիրի»-ի փոխտնօրենը խորհուրդ է տվել բայնտեղ փնտրել մեր ուզած մարդուն:
Մինչ այս տեղեկությունը հիվանդանոցից ճշտելը, պարզվել է, որ Արկադի Գրիգորյանին ինչ-որ մեկի հրահանգով ոչ մի բուժհաստատություն չեն ընդունել՝ ասելով` թող տանը պառկի և անհրաժեշտ անվճար բուժումը կստանա:






































