Հայաստանի աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիայի կողմից դեռ 2005 և 2007 թվականներին սոցիալական գովազդի պահանջվածության ուղղությամբ անցկացված հետազոտությունները վկայեցին, որ հայաստանյան հասարակությունն ավելի քան կարիք ունի սոցիալական գովազդի, և խնդիրներն այստեղ բոլորովին այլ են:
«Մեր հասարակությունը հիվանդ է, ու հիվանդը շատ ծանր վիճակում է. վերակենդանացում է պետք»,- ասում է Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը և շարունակում. «Կարիք կա՞, որ մեր հասարակությունը երեխային գումար տա, ուղարկի բուհ՝ իմանալով, որ նա այնտեղ գիտելիք չի ստանալու, նույն կերպ՝ ուղարկի դպրոց սովորելու: Կեղծ արժեքներ կան հասարակության մեջ, որոնք դեպի կործանում են տանում, սակայն եթե հավատանք մեր հեռուստաընկերություններին` մենք ապրում ենք դրախտում, իսկ ավելի կոնկրետ` «Հայլուր»-ի դրախտային հանրապետությունում: Հենց այստեղ է պետք սոցիալական գովազդը»:
Իսկ Հայաստանի աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ և «Ստատուս հոլդինգ» գովազդային գործակալության ծրագրերի տնօրեն Արզուման Հարությունյանի կարծիքով` պետության կողմից այսօր, մեղմ ասած, բավական մեծ բացթողում է այն փաստը չօգտագործելը, որ Հայաստանում ինֆորմացիայի գոնե 80 տոկոսն այժմ գալիս է հեռուստատեսությունից, ինչը ենթադրում է, որ սա հանրության խնդիրները բարձրացնելու և դրանց լուծումներ առաջարկելու լավագույն տարբերակն է:
«Մեր երկրում իրականությունը բոլորովին այլ է: Սոցիալական գովազդ՝ որպես այդպիսին, այստեղ գոյություն չունի»,- ասում է Արզուման Հարությունյանը: