Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ղեկավար Ժան Պոլ Կոստան իր այսօրվա ասուլիսում անդրադարձել է դատարանի քննարկման մեջ գտնվող ադրբեջանցի տեղահանվածների գործերին: Նա նշել է, որ անցած տարվա սեպտեմբերի 15-ին կայացել են երկու սիմետրիկ հայցերի լսումները, իսկ վճիռները կկայացվեն մոտ ապագայում, հնարավոր է՝ մինչև այս տարվա ամառը,- տեղեկացնում է APA-ն: «Կոնֆլիկտների դառը պտուղները միշտ բաժին են հասնում հասարակ ժողովրդին: Երկու կողմերից էլ ներկայացված հայցերը նման են միջպետական հայցերին, և դրանց հիմքում ընկած է պետությունների դիրքորոշումների տարբերությունը: Նման խնդիրները որոշակիորեն չեն համապատասխանում մարդու իրավունքների դատարանի գործառույթներին, քանի որ նման հարցերը ավելի հեշտ քաղաքական, քան իրավական լուծում ունեն»,- ասել է Կոստան: