Այսօր առավոտյան Twitter միկրոբլոգում «Մանեժկա» հեշտեգը, որն օգտագործվում է որպես Վլադմիր Պուտինի երդմնակալությունից առաջ «Մանեժնայա» հրապարակ դուրս գալու կոչ, ռուսալեզու տրենդներում գրավել է առաջին հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Ընդդիմադիրներն իրենց բլոգում հայտնել էին առավոտյան ժ. 10.00-ից «Մանեժնայա» հրապարակում հավաքվելու մտադրության մասին: Ոմանք արդեն հայտարարել են, որ գտնվում են հանդիպման վայրում:
Արարողությանը մասնակցելու համար հրավիրված 3 հազար մարդուց հրաժարվել են Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովն ու պատկերասարհի սեփականատեր Մարատ Գելմանը:
Նշենք, որ ընդդիմադիրները որոշել էին շարունակել բողոքի ակցիաները մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակի շրջակայքում «Միլիոնների երթի» ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո: Հաղորդվում էր, որ իրավապահ մարմինների կողմից տուժել է շուրջ 30 մարդ, ցուցարարների կողմի` 47-ից ոչ պակաս մարդ:
ՌԴ ՆԳ նախարարության գլխավոր վարչության տվյալներով` ոստիկանական տեղամասեր է տարվել 439 մարդ: Ակտիվիստների ասելով` այդ թիվը 650 է:
Առավոտյան ժ. 8.40-ի տվյալով` մայիսին ռուսալեզու տրենդների առաջին տասնյակում են հայտնվել ևս 4 տեգեր, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն ընդդիմադիր շարժումների հետ`«Բոլոտնայա», «Միլիոնների երթը», «ՕՄՕՆ» ու «ՆԳՆ բաժին»:
Ընդդիմադիրները այսօր մտադիր են սպիտակ ժապավեններով երթ անցկացնել Մոսկվայի կենտրոնում: Ակցիան տեղի կունենա «Սպիտակ քաղաքը՝ հանուն ազնիվ իշխանության» կարգախոսի ներքո:







































