Սիրիայում տեղի ժամանակով ժամը 7:00-ին մեկնարկել են 50 տարվա մեջ առաջին բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունները:
2012 թ. ընդունված նոր սահմանադրությամբ «ղեկավարող և ուղղորդող ուժի» կարգավիճակից զրկված «Բաաս» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է մյուս կուսակցությունների հետ հավասար հիմունքներով: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ազգային միասնություն» բլոկի կազմում, որի մեջ մտել են որոշ անկախ պատգամավորներ:
Խորհրդարանի 250 տեղի համար (դրա կեսն ավանդաբար տրվում է աշխատավորների և գյուղացիների ներկայացուցիչներին) պայքարում է 7195 թեկնածու, որից 710-ը՝ կանայք:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 14.7 մլն մարդ: Ձայնի իրավունք ունի «18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի՝ բացի ոստիկաններից և զինծառայողներից»: Ակնկալվում է, որ աշխատանքային օրվա սկզբից ընտրողների մեծ հոսք կլինի: Սիրիայում ընտրությունների օրը հանգստյան օր չի համարվում:
Ինչպես հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը, երկրի իշխանությունները խոստացել են ներկա ընտրություններն անցկացնել «ազատ, արդար և թափանցիկ»: Սիրական հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի ընտրությունների ընթացքը ավելի քան 50 ընտրատեղամասերից: Բացի այդ, Սիրիայի տարբեր մարզերում ընտրությունների ընթացքը կլուսաբանեն շուրջ 200 արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Երկրի ներքին գործերի նախարար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Շաարը հայտարարարել է, որ իր գերատեսչությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեզի ընտրություններն անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ: Այսօր կքվեարկեն նաև Հոմս և Համա մարզերի բնակիչները:
Ընտրությունները բոյկոտած ընդդիմությունը հաղորդում է, որ 14 ամիս շարունակված բռնության և հուզումների մթնոլորտում անհնար է ազատ ընտրություններ անցկացնել:
Ընտրությունները կավարտվեն տեղի ժամանակով ժամը 22:00-ին:
Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բախումները կառավարական ուժերի և ընդդիմության զինված ջոկատների միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 9000 մարդ:








































