«Միլիոնավորների երթի» մասնակիցները ծեծել են НТВ հեռուստաընկերության երկու լրագրողի, ովքեր լուսաբանում էին ընդդիմադիրների ակցիան, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի ԳՎ մամլո ծառայությունը: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարդիկ հարձակվել են նաև շարժական հեռուստաստուդիայի վրա և փորձել են շրջել այն:
Մոսկովյան ոստիկանությունը նաև հաղորդում է սադրիչների մասին, ովքեր քարեր և շշեր են նետում լրագրողների և ոստիկանների վրա: «Նրանք իրենց չափազանց ագրեսիվ են պահում»,- ասվում է մամլո-ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես Twitter-ում գրում է Кремль.Орг պորտալի գլխավոր խմբագիր Պավել Դանիլին, НТВ-ի ավտոմեքենան «իրական հարձակման է ենթարկվում»: Ականատեսները հաղորդում են, որ ավտոմեքենան փորձում է հեռանալ, սակայն նրան խանգարում են:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին НТВ հեռուստաալիքի իշխանամետ դիրքորոշման մասին: Ակտիվիստների մոտ ցասման վերջին ալիքը բարձրացավ մարտի 15-ին, երբ հեռուստաալիքը ցուցադրեց «Ընդդիմության անատոմիան» ֆիլմը, որը նվիրված էր Ռուսաստանում ընդդիմության ցույցերին, որոնք սկսվել էին 2011 թվականի դեկտեմբերին:
«Միլիոնավորների երթը» Մոսկվայում՝ Կալուժյան հրապարակում, սկսվել է ժամը 15:00-ին: Երթի մասնակիցները հանդես են գալիս ռուսական իշխանությունների և Վլադիմիր Պուտինի երդման արարողության դեմ: Նրանք անցել էն Բոլշոյ Յակիմանկեով մինչև Բոլոտնայա հրապարակ: Հրապարակում ցույց էր նախատեսված, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ սկսվել են ձերբակալությունները:











































