Հայտնի և աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շուտով պատրաստվում է ասուլիս հրավիրել ու ցնցել ողջ հանրապետությունը:
Այս ընթացքում, ինչ Սյունիքի մարզպետի հետ ընդհարումներից հետո նա դաշտում շի երևացել, պարզվում է՝ փաստեր հավաքելով է զբաղվել և հիմա պատրաստվում է արդեն դրանք հրապարակել.
«Ես չերևացի, որովհետև փաստերի էի սպասում: Եթե հիշում եք՝ իմ վերջին ասուլիսի ժամանակ ես ասել եմ Սիփան-1-ի դատավարության խնդիրը, այսօր արդեն իմ ձեռքին են երեք ատյանների անօրինական որոշումները՝ Վճռաբեկի և մյուս դատարանների վճիռները: Այս պահին ես արդեն պատրաստ եմ մամլո ասուլիսին: ես սիրում եմ փաստերով խոսել, եթե փաստ չունենայի՝ ինչերի միջով կանցնեի մեր հանրապետությունում, բայց որ փաստեր ունենք, ազատ ենք, մեր խիղճը հանգիստ է, որ չենք վարկաբեկում: Դատական համակարգը մի որոշման հիման վրա մի տարի անվավեր է ճանաչում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը, մյուսում ասում է, որ իրենք հին վճռի հատվածը թողնում են, բայց ամբողջ հրամանը անվավեր չեն ճանաչում: Ով կարդա դա՝ ծիծաղելու է դատավարական համակարգի վրա: Դա գալիս է նրանից, որ դատական վճիռները և որոշումները թելադրված են նախագահականից»:
Տիկին Համբարձումյանը նաև նշել է, որ այս պահին Հայաստանի ողջ գործարարները, այդ թվում՝ ինքը, ահավոր բարկացած են աուդիտորական խմբերի համար. «Սա վարչապետի մաֆիան է` աուդիտորական խմբերը: Ես ներդրում եմ միայն անում, ինձ պարտադրում են աուդիտ անել, ինչի՞ համար: Մարդ, որ ներդրում է անում, պիտի աուդի՞տ անի: եթե մարդն աշխատի, ինքն իր հոժար կամքով աուդիտ կանի, դա իր համար շատ հարմար կլինի: Անգամ աուդիտորներն են ասում, որ սա պարտադիր բան չի: Ո՞նց անենք, հիմա մաֆիա-մաֆիա՞ խաղանք: Վարչապետի մենաշնորհն էլ աուդիտորական կազմակերպություննե՞րն են: Իրենք թելադրում են խաղի կանոններ, ստիպում գործարարներին ենթարկվել այդ խաղի կանոններին: Մենակ ես չեմ, ամբողջ գործարար միջավայրը միանալու է դրա դեմ:
Ո՞նց կարելի է ներդրող մարդուն ասեք աուդիտ արա, լրացուցիչ փող տուր, ինչի՞ համար, երբ գործարանները կաշխատեն, երբ կվերջացնեն՝ թող գան անեն, բայց ոչ թե ներդրողին ասեն՝ արի, դու պարտավոր ես աուդիտ անել, փող տաս, այն էլ ո՞ւմ՝ մաֆիային»:
Ներկայումս Սիլվա Համբարձումյանը ուզում է ավարտել իր երկու գործարանների կառուցումը և Հայաստանում մի նոր ծրագիր իրականացնել. «Ուզում եմ բացել ախտորոշման կենտրոն. աղքատների համար՝ անվճար, հարուստների համար՝ 5 անգամ թանկ: Հայաստանում ամեն ինչ ունենք, ունենք լավ հիվանդանոցներ, բայց չունենք ախտորոշման լավ կենտրոն»:
Թերթի հարցին՝ Երիցյանների ընկերությունը գնելով` չի՞ զղջացել, գո՞հ է արդյունքներից՝ նա պատասխանել է, որ գոհ է այնքանով, որ աշխատողներին պահել է. «Ես շահույթ չունեմ, ամեն ամիս ներդրում եմ անում, դեռ ներդրումները չեմ ավարտել, բայց չազատեցի մարդկանց, որը կազմում է 117 հոգի: Ես գոհ եմ, որ մարդկանց չազատեցի և անեծքի բուն չդարձա: Հիմա էլ գնել եմ Մոնումենտում գտնվող Երիցյանների տունը, շարունակելու եմ գնել Երիցյանների խանութը, օֆիսը, բիզնեսը»:
«Լուրեր էին շրջանառվում, որ Ալբերտ Երիցյանը ուզում է Հայաստանից հեռանալ, դրա համար է վաճառում իր բիզնեսը: Սիլվա Համբարձումյանը վստահեցրեց, որ Երիցյանն ուզում է նոր բիզնեսով հանդես գալ Հայաստանում. «Ասում են`փախչում է, բայց Երիցյանը Հայաստանից չի փախչում, նա շատ մեծ հայրենասեր է, և կուզենամ իր նման հայրենասերներ մեր քաղաքում շատ լինեն»,- հավելում է թերթը:









































