The Telegraph-ի տարածած սիրողական տեսագրությունում երևում է, թե ինչպես է Փորթլենդի կենդանաբանական այգում ապակե վանդակում գտնվող էգ առյուծը ջանում ուտել փոքրիկ տղային: Վերջինս հարմար տեղավորվել էր վանդակի մոտ:
Զեբրանման՝ սև-սպիտակ գծավոր հագուստով երեխան հանգիստ նստած էր, չպատկերացնելով անգամ, թե որքան կարող էր կատաղեցնել առյուծին: 4-ամյա հսկա առյուծը մի քանի անգամ փորձում է թաթերը դնել նրա ուսին, այնուհետև երախն է մեծ բացում՝ հարմարեցնելով փոքրիկի գլխի չափսերին:
Տեսագրությունն արել է տղայի մայրը, մինչ փոքրիկն իր թոթով լեզվով «փիսիկ» էր բացականչում: Չորեքշաբթի YouTube վիդեոհոսթինգում տեղադրված տեսանյութը դիտվել է ավելի քան 10 հազար անգամ:
Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ առյուծները մշտապես ընդգծված հետաքրքրություն են դրսևորում փոքրիկ այցելուների նկատմամբ:









































