Արդեն 29-րդ օրն է, ինչ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանը հացադուլ է հայտարարել, մինչդեռ հացադուլի հիմնական պատճառին ուշադրություն դարձնող ու 23-ամյա երիտասարդի բողոքին ականջ դնող չկա:
Երեկ որդու առողջական վիճակի վերաբերյալ շուրջ մեկ ամսվա անտեղյակությունից հետո Սուրենի մորը` Զվարթ Կիրակոսյանին վերջապես հաջողվել է տեսնել դեռ փետրվարի 22-ից կալանքի տակ գտնվող որդուն: Սակայն տղային այնպիսի ծայրահեղ ծանր վիճակում է գտել, որ առավոտվանից ՀՀ նախագահականի մոտ է նստած և չի պատրաստվում ոչ մի դեպքում հեռանալ այնտեղից, մինչև անմիջապես ՀՀ նախագահն իրեն չլսի:
Այս պահին նախագահականի մոտ տիկին Զվարթին են միացել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր պատմեցին, որ առավոտյան իր բողոքի վրա գոնե փոքր- ինչ ուշադրություն հրավիրելու համար մայրն իրեն փորձել է նետել նախագահի մեքենայի շարասյան տակ, սակայն հավաքված կանայք նրան մի կերպ հետ են պահել, իսկ իրադրությանը նախագահականից ոչ ոք ուշադրություն չի դարձրել:
Զվարթ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում արտասվախառն պատմեց, որ երբ երեկ հաջողացրել է վերջապես որդուն տեսնել քրեակատարողական հիմնարկում, որդին խիստ հյուծված և ծայրահեղ ծանր վիճակում է եղել, ո՛չ ի վիճակի է եղել խոսելու, ո՛չ էլ ոտքի վրա կանգնելու. «Ես ընդամենը խնդրում եմ, օգնե՛ք որդուս այս վիճակից դուրս գա, ես վախենում եմ, որ նա մեկ օր անգամ էլ ի վիճակի չէ ապրելու, իմ ու որդուս ուզածն ընդամենը բուժօգնությունն է, փրկե՛ք որդուս խնդրում եմ»,- նախագահականի դիմաց անհույս նստած աղերսում էր մայրը:
Ի դեպ, երեկ Սուրեն Կիրակոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը պետք է տեղի ունենար, սակայն զինծառայողի մայրը մեզ փոխանցեց, որ նիստը անհայտ պատճառներով հետաձգվել է և կշարունակվի, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո. «Ասում են՝ թող մի քանի օր էլ սոված մնա, բան չի լինի, սոված է, թող հաց ուտի. նրանց չի էլ հետաքրքրում, թե 23-ամյա որդիս կլուսացնի արդյոք այսօր, թե ոչ»,- պատմում է մայրը:
Նշենք, որ Սուրեն Կիրակոսյանը այս պահին մեղադրվում է Քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ մասով (զորամասը լքելը), իսկ արդեն 29-օրյա հացադուլով տղան ընդամենը խնդրում է իրեն բուժհետազոտության ենթարկել և համապատասխան բուժում ստանալու հնարավորություն տալ, ինչից հետո ի վիճակի կլինի հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել:
Դեռ 2009-ին բանակ զորակոչված զինծառայողի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, պատմում է, որ տղային բանակ են զորակոչել արդեն հիվանդ վիճակում, և իրենք համապատասխան փաստաթղթեր էլ ունեն: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն` Ս.Կիրակոսյանը պիտանի էր ոչ շարային ծառայության, սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել:
«Ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր» ախտորոշմամբ զինակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության համար, սակայն զինգրքույկում ճիշտ հակառակն է արձանագրվել: Մայրը պատմում է, որ դրա հետևանքով էլ տղան զորամասում լիարժեք ծառայություն է անցկացրել, ինչը նպաստել է հիվանդության բարդացմանը:
Ծառայությունից խուափելու համար 23-ամյա երիտասարդն արդեն երկրորդ անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվում: Նա բանակ է զորակոչվել 2009 թ. հունիսին: Առաջին անգամ նրան մեկ տարով քրեական պատասխանատվության են ենթարկել ծառայությունից մեկ ամիս հետո` հոկտեմբերի 7-ին: Նա ձերբակալվել է Քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որը պատասխանատվության է ենթարկում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպեu նաև, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար:
Կալանքը կրել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: 2011 թ. փետրվարի 14-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այնուհետև ծառայությունը շարունակել է ԼՂՀ նույն զորամասում: 2011 թ. սեպտեմբերի 17-ին զորամասի հրամանատարի հրամանով մեկնել է հերթական արձակուրդ, որի ժամկետը լրանալուց հետո զորամաս չի վերադարձել: Դրա պատճառով նորից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց կրկին ընտրվել է կալանավորումը:
Տղայի առողջական վիճակն այդ ընթացքում արդեն խիստ բարդացել է: Զինվորական հագուստն ու զենքը նպաստել են զինծառայողի ուսի վրա առկա խալի մեծացմանն ու սիմետրիկության խախտմանը, այն վնասվել է, նաև մազ է աճել, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար: Չկարողանալով տեղում համապատասխան բուժզննում ստանալ և հասկանալով իր ծանր վիճակը` զինծառայողը ստիպված է եղել խուսափել ծառայությունից:
«Նրան անգամ տարել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ) և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտ, որտեղ ասել են, որ կվիրահատեն, բայց ասել են նաև, որ չգիտեն` կապրի՞, թե՞ ոչ, քանի որ խալը հանելուց հետո կարող է հակառակ ռեակցիա սկսվել: Այդ պատճառով տղաս հրաժարվել է վիրահատությունից»,- պատմում է զինծառայողի մայրը:
2012 թ. փետրվարի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նորից կալանավորելու մասին որոշում է կայացրել` հաշվի չառնելով, որ մեղադրյալ Կիրակոսյանը խնդրել է իրեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության, քանի որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնց պատճառով էլ չի ներկայացել բանակ: Դատարանն ի վերջո որոշել է, որ տղան խուսափել է ծառայությունից, նախկինում դատապարտված է եղել, հետևաբար բոլոր նյութերը բավարար հիմք են տալիս նրան կալանավորելու` ոչ պատշաճ վարքագիծը հետագայում կանխելու նպատակով: Հարուցվել է քրեական գործ, այժմ էլ զինվորական դատախազությունը հաստատել է զինծառայողի մեղադրանքը և մտադիր է այն պաշտպանել դատարանում:











































