Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հաստատել են 2014 թ. վերջին Աֆղանստանից զորքերը միաժամանակ դուրս բերելու մտադրությունը: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Անգելա Մերկելը` նշելով, որ այս հարցին ինքը կանդրադառնա մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
«Գերմանիան հանդես կգա այն բանի օգտին, որ մենք (Դաշինքի անդամ երկրները) գործենք միասնաբար` համաձայնեցնելով մեր ծրագրերը ՆԱՏՕ-ի մեր գործընկերների պլանների հետ»,- հայտարարել է Մերկելը` նկատի ունենալով զորքերն Աֆղանստանից միաժամանակ դուրս բերելու որոշումը:
Այդ հարցը դարձյալ արդիական դարձավ, երբ Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում հայրենիք կվերադարձնի ֆրանսիական ստորաբաժանումների մեծ մասը:
Ռասմուսենը, ով Բեռլին է ժամանել այդ հարցը Մերկելի հետ քննարկելու ու Չիկագոյի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերը շոշափելու համար, հույս է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի մյուս բոլոր գործընկերները ևս կմիանան զորքերը միաժամանակ դուրս բերելու առաջարկին»:









































