Սուդանի իշխանություններն ընդունել են Հարավային Սուդանի հետ հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը,- հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ՝ հինգշաբթի, Աֆրիկյան միության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրը հավանության էր արժանացել Հարավային Սուդանի կողմից:
«Ճանապրհային քարտեզը» պարտավորեցնում է երկու կողմերին մայիսի 8-ից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Բացի այդ, ըստ ծրագրի՝ երեք ամսվա ընթացքում Խարտումը և Ջուբան պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրեն: Մասնավորապես՝ նախատեսվում է լուծել սահմաններ գծելու, քաղաքացիության, նավթի արդյունահանման և արտահանման հետ կապված վեճերը:
Սուդանն, այնուամենայնիվ, Աֆրիկյան միության ծրագիրն ընդունել է մեկ վերապահումով. նա իրեն իրավունք է վերապահում ինքնապաշտպանվել, եթե Հարավային Սուդանը շարունակի մարտական գործողությունները: Բացի այդ, Խարտումը հետևողականորեն խորհուրդ է տվել իր հարավային հարևանին դուրս գալ վիճելի տարածքներից:
Աֆրիկյան միությունը խոստանում է պատժամիջոցներ կրառել հակամարտող կողմերի նկատմամբ, եթե նրանք բանակցություններ չսկսեն: Մայիսի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյակ՝ երկու պետություններին սպառնալով պատժիչ գործողություններով:
BBC-ն նշում է, որ «ճանապարհային քարտեզն» ընդունելու լուրը հաստատվել է մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հարավային Սուդանը հայտարարել է Սուդանի օդուժի կողմից իր տարածքի ռմբակոծության մասին: Ծրագիրն ընդունելուց հետո անգամ, ըստ BBC-ի, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել ագրեսիայի մեջ:
Հիշեցնենք. Հարավային Սուդանը Սուդանից անջատվել է 2011 թ. ամռանը: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև պայքար է ընթանում նավթով հարուստ սահմանային տարածքների շուրջ: 2012 թ. ապրիլին հակամարտությունը ստացավ զինված բնույթ, որի ընթացքում զոհվել է առնվազն 1000 մարդ:









































