Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, խախտելով օրենքը, շարունակում է Սյունիքում նախընտրական քարոզարշավներ իրականացնել:
Հանրապետական կուսակցությունը մայիսի 2-ին դիմել էր Սիսիանի քաղաքապետարան այսօր՝ ժամը 12.00-17.00-ը, քաղաքի կենտրոնական հրապարակում միջոցառում անցկացնելու համար: Քաղաքապետարանը, հիմք ընդունելով «Հավաքների, ազատության մասին» օրենքի 12, 16-րդ հոդվածները, որում հստակ նշվում է, որ իրազեկումը պետք է լինի 7 օրից ոչ ուշ և մեկ ամսից ոչ շուտ, արգելել էր հրապարակում միջոցառում անցկացնել այդ օրը:
Քանի որ ավելի վաղ հրապարակը տրամադրվել էր թիվ 37 ընտրատարածքի թեկնածու Թաթուլ Հակոբյանին, վերջինս դիմել էր դատախազության «Թեժ գիծ», որպեսզի անօրինական հանրահավաքն արգելվի:
Առավոտյան Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանը տեղեկացրել է Թաթուլ Հակոբյանին, որ հանրահավաք չի լինելու, միայն ժամը 12-14-ը լինելու է համերգային ծրագիր, չի հնչելու քաղաքական որևէ ելույթ: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Սիսիանի մեր աղբյուրները, Սուրիկ Խաչատրյանն այս անգամ էլ, արհամարհելով օրենքն ու նախազգուշացումները, հանդես է եկել նախընտրական ճառով:
Մարզպետի ելույթից հետո ելույթ է ունեցել Լիսկայի հովանավորությունը վայելող թեկնածու Հայկ Գրիգորյանը, ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Մինասյանը, որոնք կոչ են արել սիսիանցիներին քվեարկել Հայկ Գրիգորյանի օգտին: Ընդ որում, համերգը սկսվել է 12-ից և այդ ժամին հրապարակն ամբողջությամբ լցված է եղել աշակերտներով, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներով և զինվորականներով:
«Առաջին լրատվական»-ը կապվեց Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի հետ: Վերջինս միայն ասաց, որ տեղյակ չէ, թե, բացի համերգից, ինչ ելույթներ են հնչել: «Ես խոսել եմ ՀՀԿ շտաբի պետ Աշոտ Մինասյանի հետ, որն էլ հաղորդել է, որ միայն համերգ է լինելու: Ներողություն եմ խնդրում, դասի եմ, անջատեմ, մտնեմ դասի»,- ասաց դատախազը և անջատեց հեռախոսը:








































