Հարս և սկեսուր մենամարտը հավերժական պատերազմ է. փոխվում են սերունդները, փոխվում են կյանքի հանգամանքները, բայց այդ պայքարը կա և մնում է, ինչը նշանակում է, որ այս հակամարտության մեջ առկա է շատ ավելի խորքային խնդիր, որի արդյունքում հարսներն ու սկեսուրները չեն կարողանում հասկանալ, որ 100-ի կեսը 50 է:
Այսօր մենք զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ` պարզելու համար, թե որո՞նք են այս հակամարտության պատճառները և ինչի՞ կարող են հանգեցնել, և առհասարակ, հնարավո՞ր է այս հակամարտությունը սառեցնել: «Այդտեղ մենամարտում են 2 կանայք` հանուն մեկ տղամարդու: Կարելի է ասել, որ այդ տղամարդը պետք է լավ վիճակի մեջ լինի. իրեն սիրում են երկու կանայք և պայքարում իրենց սիրո համար: Բայց մենք շատ լավ գիտենք, որ նման դեպքերում տղամարդիկ շատ վատ վիճակի մեջ են հայտնվում»,- նկատեց հոգեբանը:
Նրա խոսքերով, սկեսուրների ագրեսիան և որդու հանդեպ չափից ավելի մեծ սերը պայմանավորված է նրանով, որ երբ նա երջանիկ չի եղել իր անձնական կյանքում, ասենք` ամուսինը լքել է նրան, և ինքը` որպես կին, իրեն երջանիկ չի զգացել, քանի որ հանձինս տղամարդու չի ունեցել հենարան. հենարանի բացակայությունը և այն, երբ կինը լիարժեք բավարարված չի լինում, սկսում է ավելի շատ հենվել որդու վրա և իր կյանքի ամբողջ նպատակը, ապրելու իմաստը պայմանավորում է միայն նրանով: Երբ կինն անձնական կյանքում երջանիկ չի լինում, ինքամոռաց նվիրվում է երեխաներին, հատկապես հակառակ սեռի երեխաներին:
Իսկ երբ սիրասուն որդին պատրաստվում է ամուսնանալ և ընտանիք կազմել, մայրն անկարող է հանդուրժել այն հանգամանքը, որ պետք է իր սերը կիսի մեկ ուրիշի հետ, թեև խոսքը մայրական խանդի մասին է: Այս եռանկյունուց էլ ծնվում են տուժողների կերպարները` սկեսրոջ, հարսի և տղայի դերակատարմամբ: «Մենք հոգեբանորեն պետք է իմաստուն լինենք և հասկանանք, որ այս կյանքում յուրաքանչյուրս ունենք մեր դերը, և եթե փորձում ենք դուրս գալ մեր դերակատարման սահմաններից, կոնֆլիկտներ են առաջանում:
Ինչ վերաբերում է հարսներին` ամուսնու կողմից շատ սիրված հարսները կարող են ագահություն դրսևորել` իրենց առաջ նպատակ դնելով, որ տղայի սրտում ուրիշ ոչ մի սեր չպետք է լինի, քանի որ նրա ամբողջ սերն իրենց է պատկանում: Այսինքն` երբ տղան ամուսնանում է, այլևս քրոջը, մորը չպետք է սիրի: Այդպես չի լինում: Նրանց սերն էլ, իր հերթին, շատ մեծ դեր ունի տղայի կյանքում: Այդ տղայի ներսում դատարկություն կառաջանա: Այ տեսեք, ինչ է ստացվում. թե՛ հարսները, թե՛ սկեսուրները պետք է հասկանան, թե ինչ է նշանակում իրար սիրել, իրենց դերը այս կյանքում տարբերակել: Ամեն մարդ պետք է ճանաչի իր հոգեբանական, կենսական տարածքը: Հակառակ դեպքում, հակամարտության արդյունքում բաժանվում է շատ գեղեցիկ մի բան և շատ տխուր պատկերի առաջ ենք կանգնում»,- պարզաբանեց հոգեբանը:











































