Փորձագետ Մանան Գալստյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
«Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, նույնիսկ ոչ իսկ հօգուտ իրենց: Ուզում են այդ հողերը, այո, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչեւ իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձու կտան ուրիշներին՝ գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի եւ դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակված դրամի»:
Լոուրենս Արաբիացի
Մեր օրերից շուրջ 200 տարի առաջ՝ 1819 թվականին, օգոստոսի 16-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք պատմության մեջ մտան Մանչեսթրյան ջարդեր անունով: Ֆաբրիկանտները ավելի շատ ապրանք էին արտադրել՝ հույսը դնելով շուկայի աշխուժացման վրա, քան հնարավոր եղավ սպառել: Սկսվեց արդյունաբերական դեպրեսիան: Նապոլեոնյան պատերազմներին հաջորդած գործազրկության և աղքատության պայմաններում հյուսիսային Անգլիայի բնակիչները ինքնակազմակերպվել էին և Մանչեսթր քաղաքի Սուրբ Պողոսի հրապարակում դուրս եկել հանրահավաքի, որի պահանջներից էր համընդհանուր ընտրական իրավունքի սահմանումը: Այդ ժամանակ Անգլիայում ընտրության իրավունք ունեին միայն տղամարդիկ, որոնք հանդիսանում էին հողատեր, ընդ որում, նրանց հողային սեփականության արժեքը պետք է պակաս չլիներ այն ժամանակվա 40 շիլինգից, որն այժմյան հաշվարկներով շուրջ 80 անգլիական ֆունտի է հավասար: Իշխանության ներկայացուցիչները հրամայեցին ձերբակալել հանրահավաքի կազմակերպիչներին: Սկսվեցին անկարգություններ: Տասնմեկ հոգի զոհվեցին: Ավելի քան չորս հարյուր մարդ վիրավորվեց:
Այս իրադարձությունները լուսաբանած «Մանչեսթր Օբզըրվըր» թերթի լրագրողին նույնպես ձերբակալեցին, իսկ բուն թերթը փակեցին: Սակայն թերթի խմբագրությունը նոր թերթ բացեց՝ «Մանչեսթր Գարդիան» անունով, որ այժմ բոլորիս հայտնի է որպես ուղղակի «Գարդիան»: Մանչեսթրյան ջարդերը մեծ ռեզոնանս առաջացրին հասարակության մեջ: Տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Մենք կարիք չունենք պայքարելու. ընտրական իրավունքի ձեռք բերման համար: Այդ իրավունքի ձեռքբերման փայ զոհերը արդեն պատմության էջերում են: Այն, ինչի համար մարդիկ ժամանակին կյանք էին զոհում, մեզ թվում է ինքնըստինքյան և բնականոն մի բան: Որը հաճախ չենք էլ գնահատում: Ու տալիս ենք սրան-նրան՝ մեկին ծանոթության կարգով, մեկին՝ ինչ-որ գումարի, մեկին՝ բնամթերքով…Ուղղակի եթե ընտրությանդ իրավունքը սահմանափակում ես մի ամսվա վճարված կոմունալ վարձերով, տաս-քսան հազարով ու ինչ-որ մեկին լավություն անելու կամ վատություն չանելու մղմամբ, էլի չգիտեմ ինչով, կյանքից ավել բան ակնկալելն էլ անազնիվ է դառնում:
Ինչ-որ համատարած անբարոյականություն կա մեր ընտրական գործընթացներում: Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Ու այդ ինչ-որ բանը մեր պատկերացումներն են ինքներս մեր մասին՝ որպես պետության քաղաքացի, որպես այս երկրի կյանքի մասնակից ու որպես այդ կյանքի.կառուցող: Մենք մտածում ենք, որ ավելին ենք, քան մեր ձայնը: Իրականում մեր ձայնն է ավելին, քան մենք: Այն մեր ապագայի իրավունքն է: Մեր երեխաներին թողնվելիք ժառանգությունը: Ու մեր արժեքային համակարգի խտացումը: Էս պահին՝ օտարված, ներսից հաշմված ու ձևախեղված: Գոնե մեր երեխեքին հաշմանդամ չսարքենք: Մեղք են էլի:









































