Dail Mail-ը գրում է, որ Նյու-Ջերսի նահանգի բնակչուհին ձերբակալվել է սեփական երեխային վնաս հասցնելու համար: Նրան մեղադրում են 5-ամյա աղջնակին սոլյարի տանելու համար: Հարթ ու գեղեցիկ մաշկ ունեցող փոքրիկն այնտեղ այրվածքներ է ստացել:
Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ դպրոցի բուժքույրը երեխայի մաշկի վրա այրվածքներ է հայտնաբերել: Աղջիկը բացեիբաց պատմել է, որ մայրիկի հետ սոլյարի է գնում: Դպրոցի տնօրինությունը այդ մասին անմիջապես տեղեկացրել է համապատասխան մարմիններին:
Աղջկա մայրը վստահեցնում է, որ փոքրիկին իր հետ չի տարել սոլյարի: «Ես երբեք թույլ չեմ տա այս տարիքի երեխային սոլյարի այցելել: Մենք հանգստյան օրերն անց ենք կացրել մաքուր օդում»,- ասել է կինը:
25 հազար դոլար գրավի դիմաց կնոջն ազատ են արձակել: Այժմ երեխան գտնվում է հոր հսկողության տակ:
Մաշկաբանները սոլյարի այցելելը համարում են մաշկի և առողջության համար վտանգավոր: Պարբերաբար ուլտրամանուշակագույն ճառագայթների ենթարկվելը բարձրացնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, նույնիսկ հանգեցնում ԴՆԹ փոփոխություների:
Նյու-Ջերսիում օրենքն արգելում է մինչև 14 տարեկան երեխաներին այցելել սոլյարի, իսկ 14-18 տարեկան պատանիները կարող են այցելել ծնողների թույլտվությամբ:









































