«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Աբովյանում հայտարարել է, որ թիվ 28 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Հանրապետականը սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Մենք այնտեղ, որտեղ թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին, և այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը։ Բոլորին կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտն», – մանրամասնել է Սերժ Սարգսյանը։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը և 8 գյուղեր ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով գրանցված միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։