Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկել են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երևանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր՝ ԱՄՆ-ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը և գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ արեց մշտապես միասնական գործել՝ ի փառս հայրենիքի և հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ արեց բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին և հաղթանակներին:
Երկու համերգները Մոնրեալում ապրիլի 28-ին և 29-ին անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ բուռն խանդավարությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում և Վանքուվըրում:











































