News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայատարարել է, որ Վրաստանն իր վրա զգացել է Խորհրդային միության, ապա նաև Ռուսաստանի «սերը», ինչի հետևանքով նա կորցրել է իր տարածքի 20 տոկոսը.
«1989 թվականից վրաց ժողովուրդն իր վրա զգացել է Խորհրդային միության, ապա նաև Ռուսաստանի «սերը»: Այդ սիրուն հաջորդեց Վրաստանի ինքնիշխան տարածքի 20 տոկոսի օկուպացումն ու ավելի քան կես միլիոն մարդկանց հարկադիր վերաբնակի վերածելը»:
Վաշաձեն նաև նշել է, որ Դմիտրի Մեդվեդևը ձախողվեց երկրի նախագահի պաշտոնում մնալու հարցում և այժմ փորձեր է ձեռնարկում երկրի վարչապետ դառնալու ուղղությամբ, որոնք նույնպես դատապարտված են ձախողման:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեռանալուց հետո: Մեդվեդևը Սաակաշվիլիին անվանել էր դատարկ տեղ և զրո:










































