«Սև-սպիտակ Ֆելլինի» անվանումով ֆիլմը մտահղացել է «Օտար յուրայինների մեջ» սերիալի ռեժիսոր Հենրի Բրոմելը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, հայտնել է Variety կինոռեսուրսը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1957 թ. մարտին, երբ իտալացի ռեժիսորը մեկնում է՝ ստանալու «Օսկար» մրցանակ իր «Ճանապարհը» ֆիլմի համար:
Նրա առաջին ուղևորությունը Ամերիկա հազիվ չավարտվեց տհաճ իրավիճակով: Ֆելլինին, որին կմարմնավորի բրազիլացի դերասան Վագներ Մոուրան «Էլիտար ստորաբաժանումից», երկու օր ինչ-որ տեղ է անհետացել ու հազիվ է հասցրել մասնակցել մրցանակաբաշխությանը:
Համաձայն Բրոմելի վարկածի` այդ 48 ժամում նա իրեն պատահաբար հանդիպած երաժիշտից, որին մարմնավորելու է ռեպեր ու դերասան Թերենս Հովարդը, հասցնում է «վարակվել» ջազով, տարվել անասնաբույժ մի աղջկանով: Իսկ ռեժիսորի կնոջը` Ջուլիետտա Մազինային, մնում էր միայն զվարճանալ երաժիշտ Ռիկի Նելսոնի հետ:
Բրոմելն ու նրա պրոդյուսեր Էնդրյու Լազարը ֆիլմի սցենարի վրա տարիներ են ծախսել ու վերջապես կարողացել են նախագիծը հասցնել արտադրության` ֆիլմ հրավիրելով Փիթեր Դինկլեյջին «Աթոռների խաղից» և Ուիլյամ Մեյսիին «Մագնոլիա» ֆիլմից:








































