Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի (ավելի վաղ՝ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը կոչ է արել բոյկոտել Ուկրաինայում և Բելառուսում կայանալիք ֆուտբոլի ու հոկեյի առաջնությունները, ինչպես նաև Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթը:
Այս կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը խորհրդարանի նիստի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել նրան. «Շտրասերի այդ հայտարարությունը վկայում է նրա մակարդակի մասին: Այդ մարդն ու Գերմանիայի օմբուդսմենը կանխակալ դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի հանդեպ: Նրանք ցանկանում են ճնշումներ գործադրել մեր երկրի վրա»:
Հիշեցնենք, որ Շտրասերն Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել 2009 թվականի մարտին։ Սակայն նա ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան, քանի որ ադրբեջանական կողմը շարունակ մերժում է նրան անցագիր տրամադրել՝ պնդելով, թե իր երկրում «չկան» քաղբանտարկյալներ։
Վերջին շրջանում Շտրասերի մանդատը փոփոխության է ենթարկվել. նա Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկուցողից վերածվել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների զեկուցողի, ինչը, սակայն, նույնպես չի ներգործել ադրբեջանական իշխանությունների վրա։
Օրեր առաջ Շտրասերը հայտարարեց, որ ընդհանրապես հրաժարվում է Ադրբեջան այցելելուց և այդ երկրի քաղբանտարկյալների մասին զեկույցը պատրաստելու է առանց Ադրբեջան այցելելու՝ հենվելով տեղեկատվական տարբեր աղբյուրների վրա:
Ի դեպ, վերջին շրջանում գերմանական և ադրբեջանական ԶԼՄ-ները «պատերազմում են» միմյանց հետ:










































