«Ազատ և արդար ընտրությունների պատրաստվող կոալիցիայի կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Եվ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ զավեշտալի վիճակներով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մասնավորապես, ՀՀԿ և ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները համեմատել են իրենց ցուցակները, որոնցով պետք է ընտրակաշառք բաժանեն, և պարզել, որ բազմաթիվ անուններ համընկնում են: Այսինքն՝ մարդիկ ուզում են իրենց ձայնը վաճառել և՛ ՀՀԿ-ին, և՛ ԲՀԿ-ին և երկու տեղից էլ գումար ստանալ: Պարզվել է, որ երկու կուսակցությունների կազմած ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը գերազանցում է ընտրատարածքի ընտրողների թիվը:
Մեկ այլ զավեշտալի դեպք էլ եղել է Մասիսի գյուղերից մեկում, այն մարդը, ում գումար է տրվել ընտրակաշառք բաժանելու համար, այդ գիշեր գումարը տանուլ է տվել երևանյան կազինոներից մեկում, և հիմա չգիտեն` նրա հետ ինչպես վարվեն: Նա գումար չունի հետ վերադարձնելու համար, իսկ առանց գումարի ընտրողները չեն քվեարկի:
Չնայած նախընտրական շրջանի մեկնարկից առաջ նշվում էր, որ ընտրակաշառքի չափը կհասնի 20 հազար դրամի, սակայն այժմ չի գերազանցում 10 հազարը: Բացի դա, համարում են, որ գումարի 30 տոկոսը կարող է կորչել՝ ընտրողները կարող են չպահել իրենց խոսքը»: