Նյու Յորքի քաղաքային խորհրդում կմշակվի մի օրինագիծ, ըստ որի` հղի վարորդները կարող են իրենց ավտոմեքենաները կայանել այն վայրերում, որտեղ ավտոկայանատեղին արգելվում է մյուս քաղաքացիների համար. այս մասին գրել է The New York Post-ը: Օրինագծի հեղինակը խորհրդի անդամ Դևիդ Գրինֆիլդինն է:
Նա առաջարկում է հղիներին հատուկ կտրոններ տրամադրել, որոնք հնարավորություն կտան անվճար կայանել իրենց մեքենաները բոլոր կայանատեղիներում` բացի հաշմանդամների համար նախատեսվածներից:
Կտրոնները կարող են ստանալ միայն 8-9 ամսական հղիները, ինչպես նաև այն բնակչուհիները, որոնք հղիությունից հետո դեռ չեն ապաքինվել: Կտրոնի ձեռք բերման համար անհրաժեշտ է բժշկի տեղեկանք, ըստ որի` կնոջ ֆիզիկական ակտիվությունը պետք է սահմանափակվի:
Օրինագիծը քաղաքային խորհուրդ կուղարկվի հաջորդ շաբաթ: Շատերը կարծում են, որ հղիների համար նախատեսված օրինագիծը ավելի կդժվարացնի քաղաքային` առանց այդ էլ բարդ երթևեկությունը: