Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը պատրաստ է աշխատել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հետ: Այս մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, այսօր հայտարարել է Սիրիայի արտասահմանյան ընդդիմության խոշոր խմբավորման ղեկավար Բուրհան Գալյունը՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Քամել Ամրի հետ հանդիպումից հետո։
«Եգիպտոսի հետ միասին մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է սատարել Անանի նախաձեռնությանը և հնարավորություն տալ, որպեսզի այն հաջողություն ունենա, որպեսզի հնարավոր լինի ճգնաժամից դուրս գալու առավել անվտանգ ելք գտնել»,- ասել է նա:
Գալյունը նշում է, որ եգիպտական ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես խոսքը եղել է «այն դերի մասին, որը Կահիրեն կարող է խաղալ ի պաշտպանություն սիրիական հեղափոխության»՝ միջազգային հարաբերությունների շրջանակում, հատկապես՝ «Ռուսաստանի և Չինաստանի հարցում»:
«Եթե չլիներ Իրանի աջակցությունը և Ռուսաստանի կողմից քաղաքական հովանավորությունը, ապա սիրիական վարչակարգը դժվար համարձակվեր շարունակել բռնությունները, որոնց նմանը դեռ պատմության մեջ չի եղել»,- հավաստել է ընդդիմադիրը: Նա նշել է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների զինման և, որպես հետևանք, Սիրիային դեպի քաղաքացիական պատերազմ տանելու հարցը Ամրի հետ չի քննարկվել: