Ցեղասպանության թանգարանում կբացվի «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` խոսելով սպասվելիք միջոցառումների մասին:
Ըստ նրա` ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Հայկ Դեմոյանի խոսքով` այս տարի ձևավորված հանձնաժողովը մայիս ամսից կսկսի կանոնակարգել և որոշել Ցեղասպանության վերաբերյալ բոլոր միջոցառումների ժամանակացույցը:
Նա ասուլիսին ներկա հյուրերին ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին, որը կատարած իրավական վերլուծության համար կպարգևատրվի «Ֆրիտյոֆ Նանսենի» պատվո շքանշանով:
«Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ցուցադրության մեջ ներառված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ: Ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Թանգարանի սրահներում ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ: Առանձին սեղաններով տրված են համիդյան և Ադանայի կոտորածներին առնչվող ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակություններ, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ներկայացնում են մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի իրագործած հանցագործությունների անհերքելի վկայությունները:
Ներկայացված գրականության մեծ մասը լույս է տեսել Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործված Ցեղասպանության տարիներին և հիմնավոր պատասխան է մեր օրերում կիրառվող թուրքական ժխտողականության բոլոր դրսևորումներին:











































