Թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Բաքուն թույլ չի տա, որ Ղարաբաղյան տարածաշրջանը դառնա որևէ մեկի ամրակետը, և ամեն գնով հետ կվերադարձնի իր տարածքները: Մենք ոչ մեկին չենք տա Ղարաբաղը: Դա չի քննարկվում: Եթե հայերը ցանկանում են ապրել այնտեղ, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները:
Միամիտի կլինի անկախ քաղաքականություն սպասել տարածաշրջանում Ռուսաստանի ամրակետ դարձած Հայաստանից: Դժբախտաբար, իր 20-ամյա գործունեության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց հանդես գալ հակամարտության կարգավորման առաջարկներով: Մենք դեմ ենք ստատուս քվոյի պահպանմանը»:
Հասանովը հավելել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները լուրջ փորձություն են անցել Անկարայի ու Երևանի միջև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ, և իրենց հաջողվել է հանձնել այդ քննությունը:











































