Բաքվում կիրակի օրը տեղի է ունեցել ընդդիմության բազմահազարանոց ցույց` ժողովրդավարական բարեփոխումների պահանջով:
Իշխանությունների հետ համաձայնեցված բողոքի ակցիան կազմակերպել է «Հանրային պալատը», որում ներառված են Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերը: Այս մասին գրում է svobodanews.ru-ն:
Ցույցը տեղի է ունեցել վարորդական դպրոցի բակում` Բաքվի ծայրամաս Բաիլովո գյուղում, նավթահանքերից ոչ հեռու:
Վերջերս նախագահ Իլհամ Ալիևը այդ տարածքն համարել է ընդդիմությանն «արժանի» տարածք: Իր հերթին, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին պետության ղեկավարի արտահայտությունը գնահատել է որպես «սեփական ժողովրդի և երկրի հանդեպ անհարգալից վերաբերմունքի օրինակ»:
Ակցիայի ժամանակ բազմիցս հնչել է «Իլհամ, հեռացիր» կոչը:
Ցույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել հավաքներ անցկացնելու և քաղաքացիների սեփականության իրավունքները, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Ղարաբաղյան խնդրի լուծման համար կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Կազմակերպիչների տվյալներով` ակցիային մասնակցել է մոտ 15 հազար, իսկ ոստիկանության տվյալներով` 2 հազար մարդ:










































