Մինչ ուսանողները պայքարում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի վերադարձը իրականություն դարձնելու համար, Սուրեն Զոլյանի հայցադիմումն ընդդեմ կրթության, գիտության նախարարության մերժվեց՝ պատճառաբանությամբ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի (06.04.2012թ.) «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 160-Ա հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության: Հարցի լուծումը գնալով բարդանում է…
Փորձեցինք պարզել՝ ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը ի՞նչ կարծիք ունի ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Չեմ կարող ասել, որովհետև մանրամասները չգիտեմ, առաջին նկատողությունը, որ տրվել է քաղաքից բացակայելու համար, ընդունված կարգ է, որ եթե ռեկտորը բացակայում է, պետք է համաձայնեցնի նախարարի հետ: Ես չգիտեմ՝ համաձայնեցրե՞լ է, ասե՞լ է, նա չի համաձայնվե՞լ, ես մանրամասներից տեղյակ չեմ: Երկրորդ նկատողությունից ընդհանրապես տեղյակ չեմ՝ նախարարության աշխատակիցները ի՞նչ թերություններ են հայտնաբերել, և դժվար է գնահատական տալ: Չեմ տիրապետում դաշտին, բայց ես չեմ կարծում` խնդիրն անձնական լինի: Ինչքան հասցրել եմ ծանոթանալ, ճանաչել Արմեն Աշոտյանին, նրա մարդկային որակները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ նրա հարգալից վերաբերմունքը, այդ թվում` նաև նախկին նախարարների նկատմամբ է ուշադիր, և թե ինչ կոնֆլիկտ է, որ այսքան սրվել է, և նա նման հրաման է տվել, դժվար է ասել… Իմ աշխատելու տարիներին Սուրեն Զոլյանի հետ խնդիր չեմ ունեցել:
Անկեղծ ասած, ես չեմ տեսնում աթոռը այդքան պինդ բռնելու անհրաժեշտություն, նույնիսկ գտնում եմ, որ մարդը 5 տարուց ավելի որ նույն գործն է անում, լճանում է: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ հիվանդագին չեն նայում, երբ մեկը օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով պաշտոնը թողնում է:









































