ՀՅԴ-ն միշտ էլ ժողովրդի հետ քննարկել և կիսել է իր ծրագրային դրույթները. սրանով էլ քաղաքական այդ ուժն ու նրա նախընտրական քարոզարշավը տարբերվում են մյուսներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու, քաղաքագետ Նվարդ Մանասյանը:
«Մենք երբեք մեր նշաձողը չենք իջեցնում, եթե նույնիսկ մեզ ձեռնամարտի են հրավիրում առանց կանոնների: Մենք մեր կանոնները պահում ենք»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ մասնաբաժին ունի ՀՅԴ նախընտրական քարոզարշավում պոպուլիզմը, Նվարդ Մանասյանը պատասխանեց՝ ոչ մի: «Նայեք մեր կուսակցության 122-ամյա անցյալին: Այն կարող եք քննադատել, սխալներ մատնացույց անել, բայց կտեսնեք, որ երբ դաշնակցականները մի բան ծրագրել են՝ լինի դա խաղաղ գործողություն, թե զինված պայքար, իրագործել են այն: Այլ կողմն է, թե ինչպես են իրագործել: Նույնը շարունակվում է նաև հիմա»,- ասաց ՀՅԴ գործիչը:
Որքանո՞վ կարող է հայ ընտրողը վստահ լինել, որ Դաշնակցությունն իշխանությունների հետ կրկին կոալիցիա չի կազմի հարցին էլ Նվարդ Մանասյանը պատասխանեց. «Մենք կոալիցիա միշտ կազմում ենք հուշագրով և ծրագրային դրույթների շուրջ, այդ առումով մեզ համար անհատներ գոյություն չունեն: Որևէ ուժի հետ ՀՅԴ-ն կոալիցիա կարող է կազմել միայն թեմատիկ դրույթների շուրջ: Եթե մյուս կուսակցությունները Դաշնակցության առաջադրած ծրագրի շրջանակներում ունեն նույնական կետեր, կարող են և պետք է՝ համագործակցության եզրեր լինեն: Մենք, վերջապես, մի հանրապետություն ենք ու մի ազգ»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:







































