Հարկային ոլորտում ՀԱԿ-ը նախատեսում է սահմանել ավելի բարձր եկամտահարկ, քան շահութահարկն է, նվազագույն աշխատավարձը մոտեցնել միջին աշխատավարձին: ԱԱՀ-ն պետք է իջեցնել գոնե մինչև 18%, քանի որ հարևան երկրներում այդպես է, և եթե ՀՀ-ում նույնպես չիջեցվի, ապա ներքին ռեսուրսները դուրս կհոսեն: Ինչպես այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանը, շեշտակիորեն կմեծանա գույքահարկը, քանի որ մեծ տները դարձել են խնայողության պահպանման ձև, և գույքահարկերը պետք է դիֆերենցել:
Ըստ Հ. Բագրատյանի` փոքր բիզնեսի համար պետք է պարզեցնել հարկը, վերադառնալ պարզեցված հարկին: «Պետք է փոխվի ՊԵԿ-ի նախագահը, որը խոշոր գործարար է: Պետք է լինի չինովնիկ»,- շեշտեց բանախոսը: Նա նշեց, որ չկա մի փոքր օբյեկտ, որ հարկային տեսուչին գումար չտա: Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը պետք է բարձրացվի, եկամտահարկը լուրջ պրոգրեսիվ պետք է լինի:
Փոփոխությունների արդյունքում մոտ 2 անգամ կպակասի բեռը փոքր բիզնեսի նկատմամբ, բայց խոշորի վրա կավելանա և ընդհանուր մուտքերը չեն պակասի:
Հ. Բագրատյանը նաև նկատեց, որ օդանավակայանում պետք է ետ տրվի խանութներում կատարված գնումների դեպքում մարդկանց ավելացված արժեքի հարկը: Նա նշեց, որ նաև դա է խոչընդոտում զբոսաշրջության զարգացմանը, և սփյուռքը չի գալիս Հայաստան:










































