Թիվ 14 ընտրատարածքում ևս երկու թեկնածու կա, նրանց երկուսին էլ մրցակից եմ համարում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 14 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ թեկնածու Բազմասեր Առաքելյանը` խոսելով նախընտրական քարոզչության մասին:
Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը նախընտրական քարոզչության ընթացքում հասցրել է այցելել Արագածի և Ապարանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերը, բացառությամբ՝ Ապարան քաղաքի, որտեղ պետք է գնա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ նրա` վաղը–մյուս օրը լինելու են Աշտարակ քաղաքում: Նրա խոսքերով` ամեն ինչ դեռ նորմալ է: «Իմ նախընտրական ծրագրերը կան իմ բուկլետներում. մեր տարածաշրջանը գտնվում է բարձր լեռնային շրջաններում, որտեղ կան լոկալ խնդիրներ, կան խնդիրներ, որոնք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրույթներում ներկայացված չեն կամ գլոբալ են ներկայացված»,- նշեց Բ. Առաքելյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները և ու՞մ է իրեն մրցակից համարում, Առաքելյանը պատասխանեց, որ կա երկու թեկնածու, երկուսին էլ մրցակից է համարում, քանի որ ունեն քաղաքական դիմագիծ և կենսագրություն: Նա նաև նկատեց, որ իր հնարավորությունները բարձր է գնահատում, և եթե ցածր գնահատեր, չէր առաջադրվի:







































