Ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գրողների միության վեցերորդ համագումարի մասնակիցներին:
Հանդիպման սկզբում գրողների անունից Վեհափառ Հայրապետին ողջունել է ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ապա ներկայացրեց համագումարի առիթով աշխարհի քսան երկրներից Հայրենիք ժամանած հայորդիներին և օտարազգի հյուրերին, անդրադարձավ համագումարի նպատակներին և կարևորությանը:
Այնուհետև գրողներին Հայրապետական իր օրհնությունը և գնահատանքը բերել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով շուրջ յոթանասուն գրողների Մայր Աթոռ այցի առիթով, կարևորեց Հայաստանի և Սփյուռքի գրողների համախմբումը Հայրենիքում, ինչը հնարավորություն է ընձեռում գրական ասպարեզից ներս քննարկել զանազան խնդիրներ, ինչպես նաև վեր հանել հայ կյանքը հուզող բազմաբնույթ հարցեր:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ ժողովուրդն այսօր ակնկալում է իր գրողից, որ արծարծվեն ազգային կյանքին վերաբերող խնդիրներ, նրա գրչի շնորհիվ տեսանելի դառնա ապագայի տեսիլքը և ուղենշվի դեպի գալիք առաջնորդող ճշմարիտ ճանապարհը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է նաև, որ այսօր դժվարին առաքելություն է բաժին ընկել հայ գրողին` ժողովրդին պահելու ազգային արժեքների շավիղներում, նոր խոսքով և նոր մտածողությամբ նրան մատուցելու և փոխանցելու մեր հայրերի սրբազան ժառանգությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին նոր եռանդով գրիչն ի գործ դնել` հայ ժողովրդի Արդար դատը պաշտպանելու համար:
Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել ՀՀ Գրողների միության վարչությանը և միության նախագահին` բոլոր այն ձեռնարկումների համար, որոնց շնորհիվ աշխարհասփյուռ հայ գրողները կարողանում են մեկտեղել իրենց ջանքերը` արդի կյանքի մարտահրավերների հաղթահարման համար:
Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու թեմական կյանքին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը կրթական ու սոցիալական ոլորտներում, Սփյուռքի տարբեր համայնքներում Հայ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերին` ի պահպանություն հայ ինքնության:







































