Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մալիում ձերբակալված ավելի քան 20 քաղաքական և ռազմական գործիչները ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է ապստամբների ձևավորած Ժողովրդավարության վերականգնման և պետության վերածննդի ազգային կոմիտի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրա խոսքերով՝ 11 զինվորականներ և 11 քաղաքացիական անձինք ավելի վաղ տեղափոխվել էին Կատի քաղաքի մոտ գտնվող ռազմական ճամբար՝ քննչական գործողություններ անցկացնելու համար: Այժմ նրանք ազատության մեջ են:
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մալիի անվտանգության ուժերը ձերբակալել են մի շարք զինվորական և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետին, նախկին ֆինանսների նախարարին, անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նախարարին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Ապստամբների ներկայացուցիչ Մուսա Կուլիբալին տեղեկացրել էր, որ ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է սկսվել, քանի որ նրանց տներում անօրինական պահվող զենք է հայտնաբերվել:
Հիշեցնենք. մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Մալիում տեղի է ունեցել զինված հեղաշրջում, և իշխանության են եկել զինվորականները:







































