Ապագայում ինքնաթիռներին և գնացքներին փոխարինելու կգան Վակուումային տրանսպորտային խողովակները՝ Evacuated Tube Transport-ը: Նոր փոխադրամիջոցը կլինի անվտանգ և էժան: Այն աղմկարար չի լինի, ինչպես ներկայիս փոխադրամիջոցները:
Ապագայի ճեպընթաց փոխադրամիջոցների համակարգը մշակում է Evacuated Tube Transport Technologies ընկերությունը, որի սեփականատերն է ֆլորիդացի գյուտարար Դերիլ Օսթերը: Նոր փոխադրամիջոցների մասին նա մտածել և նախագիծ է կազմել դեռևս 90-ականների սկզբին, իսկ 1997-ին արդեն արտոնագիր ստացել:
Օսթերի խոսքով՝ վակուումային խողովակում 6 տեղանոց խցիկները կտեղաշարժվեն 6500 կմ/ժամ արագությամբ՝ օգտագործելով զգալի քիչ էներգիա, քան ավանդական փոխադրամիջոցները: Ինչպես գրում է Daily Mail-ը, վակուումային խողովակով հնարավոր կլինի Նյու Յորքից Լոս Անջելես հասնել 45 րոպեում, իսկ Նյու Յորքից Պեկին՝ 2 ժամում: Ընդհանուր առմամբ՝ շուրջերկրյա ուղևորությունը կտևի 6 ժամ:
Նոր փոխադրամիջոցի ճանապարհային ցանցի ստեղծումը կկազմի ավտոճանապարհների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ¼, իսկ ճեպընթաց երկաթուղիների կառուցման 1/10-րդ մասը:
Օսթերի գյուտը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավորապես Չինաստանում:








































