Ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակի բոլոր ապամոնտաժող խմբերի համառ աշխատանքի շնորհիվ ապամոնտաժողներից մի քանիսին հաջողվեց հաղթահարել բարիկադը և հայտնվել բուտիկներում, անգամ բուտիկների տանիքին և իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ:
Ոստիկանները, սակայն, հրմշտելով, հարվածելով ապամոնտաժողներին՝ հանեցին իրենց իսկ կողմից «սրբացված» բուտիկների տարածքից, որ հանկարծ բուտիկների գլխից մի մազ չպակասի, բայց… պակասեց երեք գամ: Թեև ապամոնտաժողների հայտարարություններին՝ եթե անօրինական գործողություններ ենք իրականացնում, մեզ ձերբակալեք, որևէ մեկին չձերբակալեցին: Սակայն ավելի ուշ՝ ապրիլի 17-ին, ոստիկանությունը տարածեց ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադների կատարած ապամոնտաժման աշխատանքների շուրջ հաղորդագրություն, ըստ որի՝ Մաշտոցի պողոտային հարող այգում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարուցվել և իրականացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ:
Քաղաքագետ, ապամոնտաժող բրիգադի անդամ Նվարդ Մանասյանի կարծիքով` այս ճանապարհով ոստիկանները փորձելու են օրորոցում խեղդել հանրային տարածքների գոյացումը, որից ամենաշատն են վախենում, այնտեղ ընթացող իրադարձությունների փոխարժեքին չեն տիրապետում, դրա համար էլ պիտի սկսվեն ռեպրեսիաները: Իսկ ապամոնտաժողների խմբերը վճռական են տրամադրված, քանի որ այլընտրանք մեր երկրում չի մնացել: Նվարդ Մանասյանի խոսքերով, ոչ մի հավաքական տարածք` բացի այգիների հաշվին բազմացող քաբաբ-խորովածանոցներն ու սրճարանները, իսկ հիմնական լրատվամիջոցները անտեսում են առկա հանրային կարծիքի կղզյակների հավաքական բանաձևումները կամ էլ իմիտացնող բաներ են փոխանցում. «Նույնը կրթական համակարգում է, որը հասունանում է ընտրական իրավունքի կոպիտ խախտումներով, և մեր երկրում չենք կարողանում թարմացնել մշակույթը, որովհետև հարթակներ չկան»,- նկատեց Նվարդ Մանասյանը՝ վստահ լինելով, որ հնարավոր չէ ճնշել այսքան շատ կղզյակները, քանի որ ոստիկաններն արդեն չեն էլ հասցնի, բայց կղզյակներն իրենց ընդհանրությունը դեռևս չեն գիտակցել, և դրանք բազմանում են ու փոքր խմբերով մեկուսացած ակտիվություն առաջացնում, բայց միջխմբային հաղորդակցություն չկա, ու չկա դրա ընդհանրության գիտակցումը:
Մաշտոցի պուրակի հարցի լուծումը Նվարդ Մանասյանը պատկերացնում է, որ եթե քաղաքացիական խմբերը չգիտակցեն իրենց խնդիրների միասնությունը և չհասկանան, որ ինքնորոշված, օրենքի ձևակերպմանը մասնակցելու փորձ անողների տեսակի դեմ է պայքարը` անկախ նրանից, թե դա Թեղուտն է, Մաշտոցը, թե համալսարանը, պետության ուժերը կարող են բավարար լինել դրանք ճնշելու համար, բայց հավանաբար այդ խմբերը պիտի հաղորդակցվեն ու փորձեն նաև իրենց պատգամը տարածել այլոց մեջ, նաև նրանք, ովքեր դեռևս չեն գիտակցել, որ սա հավաքական խնդիր է, քաղաքացիական:
Ապամոնտաժող առաջին բրիգադի անդամներից Ստեփան Դանիելյանը, հարցին՝ ոստիկանության այս քայլը հնարավո՞ր է արդյոք հանրային հարթակը լռեցնելու միտում ունի, պատասխանեց, որ բնականաբար կցանկանային, ավելին` եթե կարողանային, կթողնեին 1 հեռուստաընկերություն, 1 ռադիո, 1 թերթ, 1 կայք, 1 այգի, որոնք կունենային իրենց մի քանի ֆիլիալները, 1 օլիգարխ և 1 պաշտոնական ընդդիմադիր, սակայն դա իրենց չի հաջողվում: «Կարծում եմ` չեն կարողանա լռեցնել նաև այդ հանրային հարթակը»,- ասաց Ստեփան Դանիելյանը:







































