Օրերս Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր ապրիլի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջադեպին:
Ըստ նրա հայտարարության` փաստերը ցույց են տալիս, որ միջադեպի ընթացքում հասարակական կարգի որևէ խախտում չի հայտնաբերվել, դրա համար էլ միջադեպին հետևող ոստիկանները չեն միջամտել: Իսկ թե կոնկրետ ինչին պետք է միջամտեին իրավապահները, որ չեն միջամտել, հասկանալի է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը. դատախազը հայտարարել է, որ ոստիկանության միջամտության կարիք չի եղել, քանի որ «Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանի վրա ձվերի և քարերի նետումը «բողոքի արտահայտման ձև է»: Իրավապաշտպանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դատախազի այդ տրամաբանությանը հետևելու դեպքում, եթե քրեական գործ չհարուցվի ՀՔԱՎ գրասենյակի և նրա աշխատակիցների նկատմամբ կատարվածի փաստով, ու «դրա համար ձվեր շպրտենք Կարեն Շահբազյանի վրա, հանցակազմ չի լինի՞…»:
Մոտավորապես նույնատիպ օրինակ բերեց իրավապաշտպանը` միաժամանակ նշելով, որ արդեն առկա փաստերը` տեսագրությունները, բավական էին քրեական գործ հարուցելու համար: Իսկ տեսագրություններում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունից զայրացած ցուցարարները ձվեր ու քարեր նետում ոչ միայն Գեորգի Վանյանի, այլ նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և նրա աշխատակիցների ուղղությամբ: «Իրավապահները չեն ուզում նկատել, որ դրանցում առկա է գրասենյակի տարածքի անձեռնմխելիության խախտում (այսինքն` ապօրինաբար ներխուժել են ուրիշի սեփականությունը համարվող տարածք), գրասենյակի գործունեության խոչընդոտում…»,- նշեց իրավապաշտպանը:
Նաև նշենք, որ ավելի ուշ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակ էր ստացել դատախազությունից, թե գործը քննության փուլում է, փաստերն ուսումնասիրվում են, գործի նյութերը պատրաստվում են և 10 օրվա ընթացքում կհայտարարեն` քրեական գործ հարուցվելու է, թե ոչ:
Հիշեցնենք,որ վանաձորցի ցուցարարները, որոնց թվում եղել էին Երկրապահ կամավորականների միության անդամներ` նախկին ազատամարտիկներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հարձակվել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, ձվեր, քարեր շպրտել, ջարդել գրասենյակի ապակիները, ապա ներխուժել գրասենյակի տարածք և քաշքշելով աշխատակիցներին` անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել նրանց հասցեին: Այդ ամենի հետևանքով աշխատակիցներից մեկի ոտքը վնասվել էր: Իսկ ոստիկանները հեռվից նայել էին ցուցարարների գործողություններին:
Ցուցարարները` «Դավաճաններ, ամոթ է, թուրքեր» բացականչություններով կոչ էին արել գրասենյակի ղեկավարությանը չցուցադրել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերը: Ցուցարարները չէին հանգստացել նույնիսկ այն ժամանակ, երբ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ ֆիլմերի ցուցադրությունը Գեորգի Վանյանը հետաձգել է: Նրանք պահանջել էին, որ ֆիլմերն ընդհանրապես չցուցադրվեն: Գրասենյակի ղեկավարը դրան էլ էր համաձայնել և միաժամանակ հայտարարություն ուղարկել Վանաձորի ոստիկանություն` հաշվի առնելով գրասենյակի աշխատակիցների անվտանգությունը և նրանց հասցեին շարունակվող սպառնալիքները: Սակայն Վանաձորի բաժնից ոստիկանները ժամանել էին այն ժամանակ, երբ ցուցարարներն արդեն հեռացած էին եղել:
Միջադեպը դատապարտել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց հայտարարությունների կապակցությամբ, ապրիլի18-ին մի հայտարարություն էլ տարածել էր ՀՀ ոստիկանությունը: Հայտարարության մեջ ևս նշված էր, որ «միջադեպի բոլոր հանգամանքներն…ուսումնասիրվում են: Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի»: Միաժամանակ նշված էր, որ «նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն»:
Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև այս մտքին. նրա խոսքով, ոստիկանությունը նշում է, որ գործի հանգամանքներն ուսումնասիրվում են, այսինքն` ամբողջ մանրամասներին դեռ չտիրապետելով` արդեն վարչական խախտման վերաբերյալ գնահատական, հիշատակում է արել: Այդուհանդերձ, քրեական գործ դեռ հարուցված չէ, և Արթուր Սաքունցը կասկածում է, որ կհարուցվի, քանի որ իր համար իրավապահների կանխակալ վերաբերմունքն արդեն ակնհայտ է: Նրա տպավորությամբ, ցուցարարները հովանավորվում են իշխանության կողմից… Իրավապաշտպանը դա ասում է` նաև հաշվի առնելով, թե ովքեր են եղել ցուցարարների առաջին շարքերում: «Եթե ուզում են խոչընդոտեն, կանխարգելեն, թող դա անեն իրավական մեթոդներով, գնահատականով, և ոչ թե անօրինական ձևերով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցը եզրափակեց իրավապաշտպանը:











































