Միացյալ Նահանգներում ամիշների համայնքի 16 անդամներ՝ 4 կին և 12 տղամարդ, կանգնել են դատարանի առջև բռնի կերպով իրենց հավատակից եղբայրների մազերն ու մորուքները կտրելու համար: Պատճառը կրոնական տարաձայնություններն են եղել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Ամիշների համայնքը ղեկավարում է 66-ամյա եպիսկոպոս Սամուել Մյուլլեթը:
Հետաքննության տվյալներով՝ նրանք բռնի կերպով կտրել են ատելության զոհերի մազերը և սափրել մորուքները, ապա ստորացնելու համար լուսանկարել վերջիններիս: Այնուհետև փորձել են ոչնչացնել տեսախցիկը, մկրատներն ու մազերով լի պարկը:
Ամիշներն իրենց անվանում են հասարակ ժողովուրդ: Նրանք չեն օգտվում ժամանակակից տեխնոլոգիաներից, անգամ տանը էլեկտրականություն և հեռուստացույց չունեն: Նրանք մեքենաներ չեն վարում: Ամիշների համայնքում տղամարդիկ սկսում են մորուք «աճեցնել» ամուսնանալուց հետո:











































