Նորվեգացի մրցավար Թոմ Հենինգ Էվրեբեն, ով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2008/09 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլում սպասարկեց «Չելսի» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը, հայտնել է, որ իրականում այդ հանդիպմանը թույլ է տվել կոպիտ մրցավարական սխալներ, սակայն չի պատրաստվում իր որոշումների համար ներողություն խնդրել:
«Ես դեռևս սպառնալիք պարունակող նամակներ եմ ստանում, սակայն դրանք միանգամից աղբարկղի մեջ եմ նետում: Երեկ կրկին նամակ ստացա, որում սպառնում են սպանել ինձ և իմ ընտանիքի մյուս անդամներին:
Ամեն մեկը, ով հասկանում է ֆուտբոլային օրենքները, լավ գիտի, որ կան դրվագներ, երբ ես այլ որոշում պետք է կայացնեի: Ինչքան էլ որ զարմանալի է, ես գոհ եմ, որ իմ մրցավարական կազմը կարողացավ հանգստություն պահպանել այդ լարված հանդիպման ժամանակ: Խաղադաշտում ես արեցի ամեն ինչ և կարծում եմ չպետք է ներողություն խնդրեմ որևէ մեկի առջև: Մրցավարական սխալները ֆուտբոլի անբաժանելի մասն են կազմում», – ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Էվրեբեն:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ մասնագետների կարծիքով Էվրեբեն «Բարսելոնա»-ի դարպասին չնշանակեց 3 մաքուր 11 մետրանոց հարված:










































