«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին մասնակցելու համար Բրազիլիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցը, հայ-բրազիլական տեխնիկական համագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը:
Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրել է, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի կրել, և իր երկիրը շարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը:
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ գոհունակություն հայտնելուց հետո կողմերը կարծիքներ փոխանակել են տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ:
Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման կարևորությունը: Հատուկ նշվել է բարեկամության խմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանում պաշտոնապես վերակազմավորվել է «Բրազիլիա-Հայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր, հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկած կվերակազմավորվի «Հայաստան-Բրազիլիա» խումբը և հավաստիացրել է ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:









































