Ապրիլի 18-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպել է Համայնքների Պալատի խոսնակ Ջոն Բերկովի հետ (John Bercow):Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Համայնքների Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, ինչպես նաև տեղեկացրել է խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:
Անդրադառնալով Հայաստան-ՄԹ 20-ամյա հարաբերություններին` կողմերն արձանագրել են, որ դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվել երկու երկրների միջեւ առկա ներուժը` հույս հայտնելով, որ առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկվեն երկկողմ քաղաքական երկխոսությունը խթանելու ուղղությամբ: Այս համատեքստում դեսպան Ղազինյանը կարևորել է միջպետական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող խորհրդարանական կապերը, որոնք լուրջ դերակատարություն կարող են ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:











































