Ռուսաստանը դադարեցրել է զենք տրամադրել Սիրիային այն բանից հետո, երբ հունվար ամսին հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի՝ զենքի մատակարարումն առաջացրել է ԱՄՆ-ի դժգոհությունը: Այս մասին գրել է Bloomberg Businessweek-ը` հիմնվելով պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող անանուն աղբյուրի վրա:
Հրատարակության տեղեկատվության համաձայն` Ռուսաստանը Սիրիայի հետ 3.5 միլիարդ դոլարի պայմանագիր ունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովը հերքել էր Սիրիային ռուսական զենք մատակարարելու մեղադրանքները` հայտարարելով, որ Ռուսաստանն օրենք չի խախտում և չի ազդում հակամարտության ելքի վրա:
Սիրիայից շարունակում է տեղակտվություն գալ, ըստ որի՝ սիրիական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում Իդլիբում, պայթյուններ և բախումներ են տեղի ունենում Դերաայում: Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Դամասկոսի շրջակայքում կառավարական զորքերը վիրավորել են ութ մարդու, իսկ Հոմսում սպանվել է երկու մարդ:
Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել է 13 սպանվածի մասին: Իր հերթին սիրիական պաշտոնական գործակալությունը հաղորդել է, որ «ահաբեկչության հետևանքով» զոհվել է վեց զինվոր:
Ռուսաստանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբերը սադրանքներ են կազմակերպում` Քոֆի Անանի ծրագրով հաստատված հաշտությունը խափանելու համար: Քաթարի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը զենք չի տրամադրում սիրիացի ապստամբներին:







































