Այսօր Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ կազմակերպեց քաղաքական բանավեճ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի և ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի միջև: Բանախոսները լրագրողներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր ընտրատարածքը ներառում է Ավան-Առինջ, Ավան, Նոր Նորքի 2-րդ և 1-ին զանգվածի մի մասը: Նրա խոսքով` ինքը շատ հստակ նպատակով է առաջադրվել. բացի «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում լինելուց, նաև ներկայանալ թիվ 1 ընտրատարածքի բնակիչներին, ապրել և ծառայել նրանց, լսելի դարձնել նրանց ձայնը խորհրդարանում:
«Անցած հինգ տարիների ընթացքում կարողացել եմ օգտակար լինել շատ մարդկանց և կանգնելու եմ նաև թիվ 1 ընտրատարածքի բնակիչների կողքին անհապաղ և նույնքան արագ, ինչպես այլ խնդիրների պարագայում: Գալիս եմ ձեր հոգսերը հոգալու. այդ կերպ ապրել եմ անցած հինգ տարիների ընթացքում` իմ գործընկերների հետ ցույց տալով պատգամավորի այլ կերպար, ով չի շրջում զենք ու զրահով, շրջում է երթուղայինով` առանց թիկնազորի, մարդու, ում կարող են դիմել նաև գիշերը:
Ես եղել եմ քաղաքական շտապօգնություն և կլինեմ նաև ընտրվելու դեպքում»,- մանրամասնեց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ իր ծրագիրը նաև «Ժառանգություն» կուսակցության թիմի ծրագիրն է նոր Հայաստանի մասին: Ծրագիրն առաջարկում է արժանապատիվ կյանք և ենթադրում լուրջ փոփոխություն:
Անդրադառնալով իր նախընտրական քարոզչությանը` նա ասաց, որ այս օրերին ուղղակի ինտենսիվորեն շարունակվում է քարոզչական նյութերի տարածումը: Պատգամավորը տեղեկացրեց, որ իր սպասումները իրականությունը գերազանցել են, քանի որ ճանաչելիության, սիրված լինելու խնդիր չունի:
«Մարդիկ ճանաչելով ինձ, իմ կուսակցությունը` քարոզչանյութեր տալու ժամանակ հայտարարում են իրենց ձայնը մեզ տալու պատրաստակամության մասին»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Իր նախընտրական ծրագրերից խոսեց նաև ՕԵԿ փոխնախագահ, թիվ 3 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ այդ ընտրատարածքում իր առաջադրման նպատակն է շփվել հասարակության հետ` նպատակ ունենալով աշխատել ընտրատարածքում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Ըստ Մ. Շահգելդյանի` այս ընթացքում հանդիպումներ են տեղի ունենում քաղաքացիների հետ, դրանք տեղի են ունեցել նաև մինչ այդ, և այն ծրագրերը, որոնք ունի, ձևավորվել են մինչ ընտրությունները շփումների ընթացում:
Պատգամավորի խոսքով` իր նպատակն է լուծել թիվ 3 ընտրատարածքի հիմնախնդիրները: «Այդ ազգաբնակչությանը լավ եմ ճանաչում, մարդիկ ընկալում են և տեսնում հիմնախնդիրների ուղղությամբ իմ առաջարկած լուծումների հնարավորությունը:
Խնդիրներ կան քաղաքացի-չինովնիկ հարաբերություններում. սրանց վրա ենք մենք ուշադրություն դարձնելու: Մենք առաջարկում ենք նորարարական մոտեցումներ, ինչպես նաև պետության դերի բարձրացում»,- նշեց Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վերացնել թերությունները և զարգացնել համակարգը: Նա նշեց, որ ժողովրդի քվեն ստանալու դեպքում այս խնդիրների լուծմամբ կզբաղվի:
Մ. Շահգելդյանի ուղերձն է. «Վստահիր, որ կառուցենք օրենքի Հայաստան»:










































