Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

Երբ կոճակին տիրանալն ավելի բարձր արժեք է, քան երկրի ճակատագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:

– Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից արդեն 10 օր անցել է: Այս ընթացքում տարբեր զարգացումներ են եղել՝ Նիկոլ Փաշինյանի վրա են հարձակվում Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ կանայք, որոնք պարզվում է «Երևան Սիթիի» աշխատակիցներն են, ԱԱԾ-ն համառորեն հետևում է Ժառանգությանը մարզային այցերի ժամանակ, Գագիկ Ծառուկյանն ատրճանակով է գնում ընտրարշավի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենն ու այս 10 օրերի ընթացքը:

– Սրանք ընտրություններ են հայկական ձևով, որում կեղծիքի մեքենան հանդես է գալիս ողջ ճոխությամբ: Այս 10 օրերի ընթացքում երևացին այդ մեքենայի նոր տարրերը, օրինակ` ի հայտ եկան կեղծ ընտրողներ, որոնք կապ չունեն տվյալ ընտրատարածքի հետ: Անկապ կանայք բերվեցին մրցակից թեկնածուի հանդիպումը ընտրողների հետ մերժելու և տապալելու համար: Առաջ կեղծ ընտրողները հայտնվում էին ընտրատեղամասում: Այժմ նրանց դերակատարումը ընդլայնվել է. փաստորեն կեղծ ընտրողներ ի հայտ եկան ընտրությունների քարոզարշավի փուլում: Կեղծիքի մեքենան հարստացել է նաև ստի հաշվին, քանզի կեղծիքի մեքենայի մեջ է մտնում նաև սուտը: Այնքան սուտ, ինչքան հնչել է այս ընտրարշավի ընթացքում, երբևէ Հայաստանում չի հնչել: Եվ այդ սուտի տարափը տեղում է ահավոր հոգնած և օտարված մարդկանց գլխին, ովքեր բոլորովին անպաշտպան են այդ ստի դեմ: Այդ ամբողջի մեջ ինձ զարմացրել են մարդկանց շատ հոգնած և օտարված դեմքերը. նկատելի է, որ ընտրողները հոգնած են: Ու զարմանալի է, թե ինչպես են քարոզարշավ իրականացնողները կարողանում չնկատել այդ հոգնածությունը և ինքնամոռաց ինչ-որ ճառեր ասել: Իրականում բավական էր, որ նրանց աչքն ընկներ այդ հոգնած զանգվածի վրա, որ նրանք ստիպված լինեին լալկվել՝ նորմալ մարդն օրենքով պիտի լալկվեր` տեսնելով, թե ինչքան հոգնած և հուսահատված է իր ունկնդիրը: Սակայն տարբեր քաղաքական երանգների հեքիաթասացները կարողանում են չհանդիպել այդքան տխուր ու այդքան հոգնած աչքերին, որոնցում ոգևորության որևէ նշույլ չկա:

– Իսկ ինչի՞ց է հոգնել ընտրողը՝ ելույթների՞ց, խոստումների՞ց, թե՞ ամեն ինչից միաժամանակ:

– Ես կարծում եմ` հոգնած է այս անհասկանալի բեմադրությունից, քանզի ընտրողը չի հասկանում, թե թեկնածուները ինչի վրա են այդքան ուրախացել, ընտրողի համար այս ներկայացումը շատ օտար է: Ինքը համոզված չէ, որ իր ձայնից ինչ-որ բան է կախված, և նախապես գիտի, թե ով պետք է ընտրվի, և գիտի, որ ընտրվողը կընտրվի առանց իրեն էլ, ու չի հասկանում, թե ինքն ով է այս ամենի մեջ ու իրեն ինչու և ինչում են համոզում: Այդ հոգնածությունն ու տխրությունն ընտրողի դեմքին իր մոտ առաջացած մեծ հարցականի հետևանքն է: Ժողովուրդը շատ լավ պատկերացնում է իրավիճակը ու տեսնում է խմբեր, որոնք հերթով գալիս անց են կենում ու չեն հասկանամ, որ ընտրողը ամեն ինչ հասկանում է և լավ գիտի, թե իրականում ինչ է կատարվում:

– Այսինքն, ըստ Ձեզ, ընտրողը շատ լավ հասկանո՞ւմ է ստեղծված իրավիճակը:

– Ես կարծում եմ, որ ընտրողն ավելի իմաստուն է, քան այդ խմբերը, որոնք գալիս ու գնում են:

– Ու ընտրողը հասկանո՞ւմ է, որ այս անգամ էլ չի լինելու այն նոր որակի ընտրությունը, որը նրան ամիսներ շարունակ խոստանում էին:

– Ընտրողը շատ լավ է հասկանում կատարվողը, նա գիտի մի ճշմարտություն, որի մասին չգիտեն թեկնածուները: Ընտրողի իմացած ճշմարտությունն ավելի դառն է, քան թեկնածուները, այդ պատճառով ընտրողը չի կիսում թեկնածուների ոգևորությունը:

– Իսկ ո՞րն է այդ դառը ճշմարտությունը:

– Դա այն է, որ ընտրությունները գնում են իրենց նախկին հունով՝ ընտրողը երեկ չի ծնվել, նա արդեն բազում անգամ մասնակցել է նման ընտրարշավներին, տեսել է, որ եկել են, ասել ու գնացել՝ ո՛չ գործ է արվել, ո՛չ էլ իր ձայնն է տեղ հասել, ընտրողի բաժին իշխանությունը տնօրինել են այլոք` առանց իր հետ խորհրդակցելու: Այստեղից է խորը հուսահատությունը և օտարումը: Ոգևորված թեկնածուները պարտավոր են հասկանալ օտարված ընտրողի հոգնածության չափը, նաև այն փաստը, որ ընտրողի ու ընտրարշավ անողների տրամադրությունները չեն համապատասխանում: Ըստ իս` արդեն ժամանակն է, որ քաղաքական ուժերը ոչ միայն հասկանան, այլ նաև ամաչեն իրենց ու հասարակության տրամադրությունների անհամապատասխանության համար:

– Տիկին Հարությունյան, Դուք նշեցիք, որ մարդկանց աչքերում հոգածություն կա, այսօր նշվում է նաև, որ մարդկանց աչքերում վախ կա: Ի՞նչ կասեք դրա մասին, ումի՞ց է վախենում ՀՀ քաղաքացին:

– Ես չեմ կարծում, որ դա վախ է, դա հոգնածություն է և օտարվածություն: Վախն էլ, անշուշտ, կա, և դա վախ է ապագայից:

– Իսկ իշխանությունից չի՞ վախենում:

– Ո՛չ, իշխանությունը բացահայտ ձևով չի ճնշում, ուրիշ բան է, որ փոքր ու մեծ չինովնիկները տեղերում օգտագործում են ինչ լծակ ասես: Վախ կար այն կանանց աչքերում, որոնք հարձակվել էին Նիկոլի վրա, որովհետև նրանք իրենց ընտանիքի ապրուստի, իրենց աշխատանքը կորցնելու վախ ունեն: Բայց այնտեղ ուրիշ բան էլ կար՝ այնտեղ կար պայքար. կանանցից յուրաքանչյուրը պայքարում էր իր աշխատանքային ստատուսի համար, և որևէ մեկն իրեն հարց չէր տալիս` ո՞վ են թեկնածուները, նրանք միայն գիտեին, որ իրենք կմնան անգործ, ու դա իրոք սարսափեցնում էր նրանց: Մարդիկ չեն ուզում ընտրության իրավունքի համար այդ գինը վճարել. նրանք մտածում են՝ ասենք թե դուրս եկանք ու լսեցինք ընդդիմադիր թեկնածուի ելույթը կամ անգամ ընտրեցինք նրան ՝ ի՞նչ է ավելանալու կամ պակասելու: Մարդիկ հասկացել են, որ իրենց ձայնը ոչինչ չի նշանակում ու որևէ բան չի փոխում: Բոլորին թվում է, թե հայ ընտրողը հավատ ունի, բայց վախենում է քայլ անել. ո՛չ, այդպես չէ՝ այսօր հայ մարդը չի հավատում, նա այլևս չի տեսնում, թե ինչպես կարելի է իրավիճակը փոխել, նա սպասում է փրկչի: Ուրեմն մնում է հաշտվել և գործել ըստ հաստատված կանոնի:

– Լավ, իսկ թեկնածուների, այդ խմբերի ուրախությունն ինչո՞վ է պայմանավորված, երբ իր ընտրողը այդքան տխուր ու հոգնած է:

– Թեկնածուները պայքարի են դուրս եկել, նրանց մեջ կա պայքարի ավյունը, նրանց թվում է, որ եթե եկել են ինչ-որ մի բնակավայր, ուրեմն այնտեղից ձայն պետք է տանեն, և իրենց թվում է, թե կարող են խոսքերով դառը կյանքով ապրող մարդկանց հավատափոխ անել և դուրս բերել արդեն կայացած պայմանավորվածությունների շրջանակից: Սակայն արդեն ուշ է, և ժամանակն է հասկանալ, որ ժողովրդավարության պատրանքի բազմապատկումը ավելի է հոգնեցնում ընտրողին, որը շատ լավ գիտի, թե ինչպիսի երկրում է ապրում: Ժամանակն է կանգնել և պատասխան տալ պարզ հարցերի: Պետք է պատասխանել այն հարցին ՝ ի՞նչ է մնալու այս ընտրություններից հետո Հայաստանում: Իմ պատասխանը շատ հոռետեսական է, քանզի դիտարկելով ընտրարշավը` ես հասկացա, որ այս ընտրությունից հետո Հայաստանում տափաստան է մնալու, այս ընտրություններից հետո մնալու են անհավատ մարդիկ, պառակտված երկիր, քաղաքական ուժեր, որոնք տիրացել են կոճակների, բայց չգիտեն, թե հետո ինչ է պետք անել՝ ինչպես համախմբել և ետ բերել օտարված ժողովուրդը:

– Տիկին Հարությունյան, ըստ Ձեզ` այդ վիճակն է՛լ ավելի չի՞ խորացնի արտագաղթը:

– Արտագաղթը բազում գործոնների հետևանք է, այսօրվա արտագաղթը ոչ միայն հիասթափությունից և գործազրկությունից է, այլ նաև միգրացիոն ցանցերի առկայության արդյունք է: Հայ ազգի մի մեծ հատված արդեն դրսում է, և նա է քաշում տանում մնացածներին: Դուրս ձգող գործոնների մեջ ևս մեկն է ավելացել՝ ցանցային գործոնը. մենք արդեն միգրացիոն ցանցի հետ գործ ունենք: Գնացածները տանում են մնացածներին: Որևէ բան անել այդ ցանցի դեմ անհնարին է: Այժմ առանձին մարդը չէ, որ արտագաղթում է, նա գնում է վերամիավորվելու իր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ: Ընտրություններից հետո գնացողների համար ավելի հեշտ կլինի արտագաղթելը:

– Այս տասը օրերի ընթացքում շատ էին խոսում նաև միասնական շտաբի ձևավորման մասին, որը պետք է վերահսկի ընտրակեղծիքները. քաղաքական ուժերն այս խնդրի շուրջ իրար քննադատեցին, այս կամ այն բևեռի շահերի ծառայող բնութագրեցին: Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, այդ շտաբը կարո՞ղ է աշխատել այն համակարգում, որն այսօր կա, կարո՞ղ է մի ուժ, որը նախընտրական շրջանում տրակտոր է բաժանում, վերահսկել ընտրակեղծիքները:

– Նրանք կարող են պարզունակ մեխանիկական կեղծիքները վերահսկել, բայց կեղծիքի մեխանիզմն այսօր շատ ավելի բարդ է քան մենք ենք պատկերացնում և դա վերահսկել դժվար է: Մարդկանց է պետք համոզել՝ որ ընտրության իրավունքը մեծ արժեք է: Հիմա մարդիկ այլևս չեն արժևորում ընտրության իրավունքը և ոչնչի չեն հավատում, օտարված են երկրից: Դրա դեմ ոչ մի մեխանիզմով չես կարող պայքարել:

– Այսինքն` այդ օտարվածությունը նպաստելո՞ւ է կեղծիքների իրականացմանը, ո՞վ կարող է օգտվել այդ անտարբերությունից:

– Կօգտվեն ակտիվները, որոնք մարդկանց ինչ-ինչ ձևով կխրախուսեն գնալ ու քվեարկել իրենց օգտին:

– Կա տարածված կարծիք, որ այս ընտրությունների արդյունքները ընտրության օրը չի որոշվելու, այլ արդյունքների վրա ազդում են հենց այսօր՝ մինչ ընտրությունները:

– Իհարկե, տեղամասից դուրս է ամեն ինչ տեղի ունենում, դերերն արդեն բաժանված է, ու այդ սխեման լավ աշխատում է: Այն, ինչի դեմ մենք առաջ պայքարում էինք՝ կարուսել, լցոնում, այսօր դա արդեն հնացած հնարքներ են: Դրանք համարվում են կեղծիքի պարզունակ ձևեր և հանվում են շրջանառությունից: Այդ պատճառով էլ այն դիտորդները, ովքեր հազարներով գալու են, ոչինչ չեն տեսնելու, նրանք կտեսնեն շատ հանգիստ, սիրալիր ընտրություններ: Մարդկանց մինչ ընտրությունն են պատրաստում՝ կամ փող են տալիս, կամ էլ տարբեր ձևերով պարտադրում:

– Նաև սնունդով են կաշառում…

– Միևնույն է, այս ամենը գալիս է նրանից, որ երկիրն աղքատ է՝ մեր հոգնած ժողովրդի վրա գումարվել է նաև աղքատությունը: 22 տարի է մեր ժողովուրդն ընտրում է առանց բան փոխելու: Կա հնարավորությունների պատուհան կոչվող երևույթը, որը կամ բաց է լինում, կամ ոչ, ու մարդկանց ակտիվությունն էլ կախված է այդ պատուհանի փակ կամ բաց լինելուց: Մարդիկ ակտիվանում են այն ժամանակ, երբ կա հավատ, որ այդ պատուհանը բաց է:

– Իսկ մեր մոտ այդ պատուհանը փա՞կ է:

– Մեր մոտ չկա հավատը, որ այդ պատուհանը կարող է բաց լինել, որ մի բան կփոխվի: Աղքատ երկրներում ժողովրդավարությունը և ընտրությունը` որպես իշխանափոխության գործիք, չի աշխատում: Աղքատ երկրի ժողովուրդը վաճառում է այն, ինչ ունի, իսկ ձայնը առաջին ապրանքն է, որը կարելի է վաճառել: Վերջին ապրանքը մարմինն է ու մարդու օրգանները: Եթե գնորդ կա, ապա աղքատ մարդը հանգիստ վաճառում է իր ձայնը. չէ՞ որ դա իր ապրանքն է՝ հիմա էլ գնորդները շատ են: Քանի դեռ աղքատ է երկիրը ձայնի վաճառքը կլինի, ուրիշ բան է, որ թույլ չտան ձայնը գնել:

– Ինչպե՞ս:

– Շատ պարզ՝ չթողնել կաշառք բաժանեն, ձերբակալեն ընտրակաշառքի համար:

– Կաշառք վերցնողը իր հարևանին այդ մասին ասում է, բայց նա երբեք ոստիկանությանը չի դիմի այդ հարցով, էլ ինչպե՞ս բռնեն:

– Իհարկե, նրանք ոստիկանության հետ ոչ մի գործ չեն ուզում ունենալ, դա այս ամենի հետևանքներից մեկն՝ որ հասարակության ինստիտուտները քանդվում են: Ոստիկանությունը հասարակության ինստիտուտն է, բայց հիմա այն չի ծառայում հասարակությանը:

– Վերջին հաշվով ի՞նչ է այս ընտրությունը:

– Ընտրությունը առանձին մարդկանց կոճակի, հետևաբար և իշխանություն տիրապետելու գործընթաց է: Մեր հասարակությունը բավականին մեծ գին է վճարում այդ մարդկանց իղձը կատարելու համար՝ արտագաղթն է ավելանում, հասարակությունը չի կարողանում խաղաղ ձևով փոխել իշխանությունը, մարդիկ իրենց խղճին դեմ գործողություններ են անում, հասարակության ինստիտուտները քանդվում են: Անարդարությունը դառնում է համատարած, երկիրը պառակտվում է, մարդիկ իրար դեմ են դուրս գալիս, կա նաև հոգեբանական գին՝ այն հոռետեսությունը, որը մեզ պատել է, ժողովուրդն օտարվում է երկրից: Արտաքին քաղաքական գին էլ գոյություն ունի՝ երկրի ճակատագրի գինը: Եթե համեմատենք առանձին մարդու կոճակին տիրանալու արժեքն ու դրա դիմաց վճարվող հասարակական գինը, ապա պարզ կդառնա, որ մենք այդքան մեծ գին վճարել այսօր չենք կարող: Ուրեմն, երբ խոսում ենք ընտրությունների վերաբերյալ, պետք է շեշտը դնել վճարվող գնի ահռելիության վրա և հասկանալ, որ հարցն այն է, թե ի՞նչ գին է վճարում մեր հասարակությունը այս ամենի համար: Անհրաժեշտ է նաև այդ մարդկանց հարցնել՝ արդյոք ձեր կոճակին տիրապետելը այնքան մեծ արժեք է, որ դրա համար արժե ոչնչացնել մեր հասարակությունը և ստիպել երկրին վճարելու այս ահռելի գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում