Հայտնաբերել ենք բազմաթիվ խախտումներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենց ընտրատարածքում հայտնաբերել են Ջավախքից գրանցվածների և նոր գրանցումով մարդկանց անուններ:
«Արաբկիրում բացահայտել ենք 10-15 տարի առաջ մահացածների անուններ»,- տեղեկացրեց Արամ Մանուկյանը` հույս հայտնելով, որ ոստիկանությունը կմաքրի ցուցակները:
Նա հավելեց, որ ստուգել են ցուցակների կեսից ավելին. բացակաների թվերը շատ են` այն դեպքում, երբ Արաբկիրն ամենաքիչ արտագաղթած համայնքներից է:
Անդրադառնալով ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցությանը` Ա. Մանուկյանն ասաց, որ Ռ. Քոչարյան անվամբ քաղաքական գործիչ Հայաստանում չկա, և որևէ քաղաքական ուժ չի ցանկանում նրա հետ համագործակցել: Ըստ նրա` ԲՀԿ-ն վաղուց Ռ. Քոչարյանի հետ չէ:
«Ես ողջունում եմ, որ ԲՀԿ-ն ցուցակներ է մաքրում: ԲՀԿ-ն ուժ է, որը փորձում է դառնալ ինքնուրույն: Դժվարություններ, իհարկե, կան, չգիտեմ` կհաղթահարի դրանք, թե ոչ: Դա մեզ ձեռնտու է, որովհետև Ս. Սարգսյանի մոնոպոլիան կփլուզվի»,- նկատեց Արամ Մանուկյանը:









































