Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ եթե վիճելի կղզիների հարցը չլուծվի դիվանագիտական ճանապարհով, ապա իրանցի զինվորականները դժգոհ կողմին ի ցույց կդնեն իրենց հզորությունը.
«Իրանը ոչ մի դեպքում որևէ մեկին թույլ չի տա մի փոքր անգամ միջամտել իր ներքին գործերին: Իրանը հին ժամանակներից վերահսկում է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Տոմբ կղզիները: Իրանը կտրականապես պաշտպանելու է իր իրավունքները»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ապրիլի 11-ին այցելել էր Աբու Մուսա կղզի, ինչից անմիջապես հետո ԱՄԷ-ն Թեհրանից հետ էր կանչել իր դեսպանին: Ապա Պարսից ծոցի արաբական 6 երկրներն Իրանից պահանջել էին ԱՄԷ-ին վերադարձնել բռնազավթված կղզիները: Ներկայումս Իրանը մտադիր է զբոսաշրջային գոտու վերածել այդ կղզին:











































