РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Իսրայելում նշում են Աղետի և հերոսության օրը (Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր): Իսրայելի առաջնորդները երդում են տվել, որ թույլ չեն տա Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը՝ դա անվանելով որպես հրեական պետության գոյությանը սպառնալիք:
Բացի այդ, նրանք մարդկությանը կոչ են արել չգործել այն սխալները, որոնք նախորդ դարի կեսերին հանգեցրին համաշխարհային պատերազմի ու եվրոպական հրեականության ցեղասպանության:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հայտարարել է. «Նրանք, ովքեր իրանական սպառնալիքն անվանում են վերացված կամ չափազանցված, ոչ մի դաս չեն քաղել Աղետից: Աղետի զոհերի հիշատակի համար վիրավորական է չասել այն, որ այսօր էլ այն ժամանակվա նման կան մարդիկ, որոնք ցանկանում են միլիոնավոր հրեաների ոչնչացումը:
Իրանի մոտ միջուկային զենքի չհայտնվելն Իսրայելի ու հրեա ժողովրդի պարտքն է, որը կանգնած է 70-ամյա վաղեմություն ունեցող պատմական իրավիճակի առջև: Իրանում միջուկային զենքի առկայությունը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի գոյությանը, այլև անմիջական սպառնալիք է տարածաշրջանի մյուս երկրներին և սպառնալիք է ողջ աշխարհին: Մենք պարտավոր ենք կանխել Իրանի միջուկային զենքի ունենալը: Դա ողջ աշխարհի պարտքն է, սակայն առաջին հերթին դա մեր պարտքն է: Մենք երբեք մեր գլուխները չենք թաղում ավազի մեջ»:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իր հերթին հայտարարել է, որ մարդկությունն այլ ընտրություն չունի, քան Հոլոքոսթից դասեր քաղելը և էկզիստենցիալ սպառնալիքներին ժամանակին ու արժանի պատասխան տալը՝ ընդգծելով, որ այդ սպառնալիքների ու ահաբեկչությունների կենտրոնն Իրանն է:
Նշվում է, որ Իսրայելում մնացել է Հոլոքոսթը վերապրած 200,000-ից էլ քիչ մարդ:









































