ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ այս տարիներին վստահության դեֆիցիտ է եղել, ինչն էլ ազդել է ԱԺ հեղինակության ու աշխատանքների վրա, իրականության հետ որևէ աղերս չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«2007 թվականի ԱԺ ընտրություններն անցել են հանդուրժողականության, հասարակական վստահության և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Ընտրությունները ճանաչվել են միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից: Խոսելով վստահության դեֆիցիտի մասին՝ պետք է նշել, թե նայած ում աչքին ինչպես է երևում: Միգուցե Օսկանյանի անձնական կարծիքով՝ այդ դեֆիցիտը կա, բայց հասարակական լայն շրջանակներում երբևէ նման խնդիր չի բարձրաձայնվել: Այս խորհրդարանը այն խորհրդարանն է, որը կյանքի է կոչել տարբեր օրենքներ, այս խորհրդարանը այն խորհրդարանն է, որը բազմաթիվ հանրային լսումներ է կազմակերպել, իշխանության ու ըննդիմության միջև երկխոսության ջատագովն է եղել, այս խորհրդարանը այն խորհրդարանն է, որը կարողացել է իր վրա տանել բարեփոխումների մի ամբողջ փուլ, վեր հանել հանրային կարևորագույն խնդիրն ու առաջարկել համապատասխան լուծումներ: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ ինչ՞ն է այդքան անհանգստացնում Վարդան Օսկանյանին, ով փորձում է քննադատության ենթարկել պետական բոլոր ինստիտուտներին»,- ասաց պատգամավորը:
Արտակ Զաքարյանը չցանկացավ մեկնաբանել՝ ինչո՞ւ ՀՀ նախկին ԱԳ նախարարն այսօր բարձրաձայնած խնդիրների մասին չէր բարձրաձայնում նաև իր պաշտոնավարման տարիներին: «Այդ տարիներին ևս իմ կուսակցությունը մեծամասնություն է կազմել խորհրդարանում: Իմ կարծիքով՝ ուղղակի Օսկանյանն իր ներկայիս գործունեությամբ ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում է իր հանդեպ եղած հասարակական վստահությունը»,- հիշեց Զաքարյանը:











































