Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, Ադրբեջանում է գտնվում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, որը պետք է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեմնեբին հայտարարել է, որ օրակարգում են հակամարտության կարգավորման քննարկումները: Նրա խոսքերով, ինքը պատրաստվում է նաև ծանոթանալ այն իրավիճակին, որը ստեղծվել է երկրում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: «Ինձ նաև հետաքրքրում է արտաքին քաղաքական հարցերի քննարկումը Եվրահանձնաժողովի նախագահի` Ադրբեջան կատարած այցից հետո»,- հայտարարել է Սեմնեբին:
Սեմնեբիին նաև հարցրել են, թե նա ինչ կարծիք ունի Բառոզուի` Եվրամիության կայքում տեղադրված ճառի կրճատումների մասին, որտեղից հանվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները: Սեմնեբին պատասխանել է, թե «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Եվրամիության դիրոքորոշումն այդ հարցում անփոփոխ է»:
Թե որքանով են այս խոսքերն աղճատված ներկայացվել, ինչպես սովորաբար անում են ադրբեջանական լրատվամիջոցները, կտեղեկանանք այսօր հերքումներից կամ հաստատումներից: