«Ժառանգության» դեմ սև PR են իրականացնում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցրած պատգամավորության թեկնածու Իզաբելլա Աբգարյանը:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքից գոհ են, տեղի են ունենում հանդիպումներ ընտրողների հետ: Բանախոսը հատկապես կարևորեց մարզային հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն են ունեցել անմիջաբար շփվել իրենց ընտրողների հետ: Ի տարբերություն այլ ուժերի` եղել են ժողովրդի մեջ, լսել են ժողովրդի մտահոգությունը, ներկայացրել են իրենց ծրագրերը և զգալով այդ աջակցությունը` շատ ոգևորված են վերադարձել մարզերից և շարունակելու են մարզային այցերը:
Իզաբելլա Աբգարյանը որոշ պահեր մտահոգիչ համարեց: «Ժողովուրդը պարզապես վախենում է գալ ընդդիմադիր ուժի հետ հանդիպման: Մյասնիկյան գյուղում «Ժառանգություն» կուսակցության հետ մի տհաճ միջադեպ տեղի ունեցավ. մեզ ուղեկցում էին ԱԱԾ աշխատակիցները, և բնակիչները իրենց համար դա վտանգավոր համարեցին: Սա երևի թե ամենաբացասական պահերից մեկն էր, որը նկատել ենք քարոզարշավի ընթացքում:
Մեր դեմ որոշ ուժեր` լրատվամիջոցներով, սոցցանցերով, սև PR են իրականացնում: Մեր համակիրներից տեղեկություններ ենք ստանում, որ նրանք ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ոչ միայն բուկլետներ են բաժանում, այլև ժամանակ չեն կորցնում «Ժառանգությանը» վատաբանելու:
«Ժառանգությունն» այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ կարծես երրորդ բևեռ լինի. մի կողմից` իշխանամետ ուժերն են, մյուս կողմից` ՀԱԿ-ը: Դա պայմանավորված է «Ժառանգության» ընտրած թիրախով, այն է` կուսակցությունը դեմ է ամբողջ կոալիցիային, դատապարտում է որոշակի երևույթներ, որոնք, պարզվում է, ընդունելի են որոշ ընդդիմադիր ուժերի կողմից»,- մեկնաբանեց բանախոսը:
Նրա խոսքով` կիրառվում են վարչական լծակներ, որպեսզի իրենց հետ հանդիպմանը գա հնարավորինս քիչ թվով մարդ:
Իզաբելլա Աբգարյանը անդրադառնալով ԲՀԿ-ին` ասաց, որ այն ևս իշխանության մեջ է և ունի իր վարչական լծակները, որոնցից լայնորեն օգտվում է: Նա անընդունելի է համարում նախընտրական բարեգործությունը և դա համարում մարդկանց նվաստացնող երևույթ:
«Օրինակ` տեղափոխել ուսանողներին և իրենց կուսակցական նշանը խփել` ցուցադրելով, որ այս ուսանողները տեղափոխվում են այսինչ կուսակցության շնորհիվ: Դա նույնն է, ինչ քաղցած երեխային տաս կոնֆետ և վզից կախես մի ցուցանակ, թե` այս երեխային կոնֆետ է տալիս այս կուսակցությունը, իսկ հետո դա անընդհատ ցուցադրես քո լրատվամիջոցներով»,- մանրամասնեց Ի. Աբգարյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԲՀԿ անդամ, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանն ասաց, որ երկու անգամ մեծամասնական ընտրակարգով դարձել է պատգամավոր: Նա նշեց, որ նախկին քարոզարշավները մեծապես տարբերվում էին այսօրվա քարոզարշավից:
«Նախորդ քարոզարշավներում կար խանդավառություն, մասսայականություն: Երևան քաղաքում իմ ընտրատարածքում ես դրան ականատես չեմ լինում: Կարծես թե անհետաքրքիր է, հավաքներ չկան, և ինձ համար, իհարկե, զարմանալի է «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությունը, թե խոչընդոտներ են տեսնում: Ես նույնիսկ չեմ հանդիպել քարոզչական խմբի, որ առիթ լինի խոչընդոտելու»,- մեկնաբանեց ԲՀԿ ներկայացուցիչը:









































