Եվրամիությունը նոր՝ թվով 13-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Սիրիայի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնը:
«ԵՄ պատժամիջոցների նախորդ փաթեթը հավանություն է ստացել ԵՄ ԱԽ-ի կողմից մարտի 23-ին, և մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների և սահմանափակող միջոցառումների նոր փաթեթի վրա»,- ասել է նա ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Էշթոնի խոսքերով՝ ԵՄ-ը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում շարունակվում են ճնշումները:
Հիշեցնենք, մարտի 23-ին ԵՄ պատժամիջոցների շրջանակներում «սև ցուցակում» ներառվեցին ևս 12 անուն, այդ թվում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը և մայրը, և երկու ընկերություններ:
Ավելի վաղ ԵՄ-ը էմբագո էր դրել Սիրիային զենքի և իրավապահ ուժերի համար սարքավորումների մատակարարման , սիրիական նավթի և նավթային սեկտորում ներդրումների վրա, ինչպես նաև սահմանափակող միջոցառումներ էր կիրառել երկրի բանկային և ֆինանսական սեկտորների նկատմամբ, մասնավորապես սառեցվել էին Սիրիայի Կենտրոնական բանկի հաշիվները:







































